Ղարաբաղյան հակամարտության մասին արդեն կարելի է խոսել բացառապես անցյալ ժամանակով, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների նիստին:
«Ես լիովին համաձայն եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ այն հարցում, որ ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս մենք արդեն պետք է խոսենք այն մասին, որ դա եղել է անցյալում։ Դա արդեն պատմություն է», - ասել է Ալիևը:
Ադրբեջանի առաջնորդը նշել է, որ տարածաշրջանի ապագան շատ հարցերում կախված կլինի հայաստանյան ղեկավարության կողմից իրավիճակի գնահատականից, «այն բանից, թե արդյոք կկարողանա ճիշտ քայլեր անել, որպեսզի խաղաղությունը լինի տևական և կայուն»։
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ պաշտոնական պարզաբանման, չի կարող մասնակցել՝ հոր մահվան պատճառով։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ հայկական կողմից այդ նիստին ոչ ոք չի մասնակցելու։