Այսօր ԱՊՀ ղեկավարները հեռավար կարգով կքննարկեն նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր:
ԱՊՀ համաժողովը կանցնի Ուզբեկստանի նախագահությամբ: Այդ մասին հայտնել է ԱՊՀ Գործադիր կոմիտեն:
Օրակարգում ԱՊՀ զարգացման հայեցակարգն է, մասնավորապես, կքննարկվեն քաղաքական, տնտեսական և մշակութային ասպարեզներում կապերը խթանելու հնարավորությունները:
Անկախ պետությունների համագործակցության լիդերները պետք է ստորագրեն երկու համատեղ հայտարարություն, որոնցից առաջինն առչվում է ՄԱԿ-ի 75-ամյակին, երկրորդը՝ միջազգային տեղեկատվական անվտանգությանը:
Բացի այդ, նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են մարդասիրական, ռազմական, իրավական ոլորտներին, ինչպես նաև արտաքին սահմանների պաշտպանության հզորացմանը:
ԱՊՀ ղեկավարները կքննարկեն և որոշում կընդունեն 2021 թվականին ԱՊՀ նախագահության մասին:
ԱՊՀ գործող անդամներ են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Թուրքմենստանն ունի ընկերակցված անդամի կարգավիճակ:
Վրաստանը և Ուկրաինան ժամանակին անդամակցել են ԱՊՀ-ին: 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո, երբ Վրաստանը կորցրել է հսկողությունը Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ, Թբիլիսին հայտարարել է ԱՊՀ-ի հետ կապերը խզելու մասին: 2009 թվականի օգոստոսին Վրաստանը պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ կազմից:
Ուկրաինան եղել է ԱՊՀ հիմնադիր երկրներից մեկը, սակայն կազմակերպության կանոնադրությունը չի կնքել:
2014 թվականին Ռուսաստանը զավթել է Ղրիմի թերակղզին, ինչից հետո Ուկրաինայի արևելքում սկսվել է բանակի և ռուս անջատականների զինված հակամարտությունը:
Այսօրվա դրությամբ Դոնբասում համեմատաբար խաղաղ վիճակ է, բայց Կիևը դեռ 2014-ին է հայտարարել է ԱՊՀ կազմից դուրս գալու մտադրության մասին:
Այդ ընթացակարգը դեռ պաշտոնապես չի ավարտվել, սակայն գործնականում Ուկրաինան այլևս ԱՊՀ անդամ չէ: