Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը պատրաստ է հրաժարական տալ, երբ երկիրը պատրաստ լինի նոր ընտրություններին


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում հրաժարական տալ, այս մասին նա անձամբ հայտարարեց այսօր հրապարակված ուղերձում՝ նշելով, որ կգնա այդ քայլին, երբ Արցախը պատրաստ լինի նոր ընտրություններին։

«Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից», - ասել է Հարությունյանը։

Իսկ թե ինչո՞ւ պատերազմից անմիջապես հետո հրաժարական չի տվել, Արցախի նախագահը մի քանի պատճառ է նշում, այդ թվում նաև այն, որ արտահերթի համար պատշաճ միջավայր չի ձևավորվել, ներքաղաքական պայքարի ժամանակը չէ, նաև, որ չի հրաժարվում այս ծանր շրջանում իր պատասխանատվությունից։ Հարությունյանը հայտնեց նաև, որ որոշել է հրաժարվել Արցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի, ինչպես ձևակերպում է, «նախագահի պաշտոնում կարողանա գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ»։

Այս տարվա ապրիլին նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը այսօր նաև հայտնեց, որ այսուհետ պատրաստակամ է Սահմանադրությամբ իրեն լիազորված որոշումները կայացնել Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի և ավելի լայն հասարակական-քաղաքական շրջանակների հետ համատեղ։ Ավելին, տեղեկացնելով, որ ընդլայնվելու է Վիտալի Բալասանյանի գլխավորած Անվտանգության խորհրդի կազմը՝ Հարությունյանը պարզաբանում է, որ Արցախի պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող իր բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ։

«Ընդհանրապես, հանրային քննարկումների անցկացումը պետք է դառնա մեր քաղաքական մշակույթի ու կառավարման համակարգի օրգանական մասը», - նշեց Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահն ընդգծում է՝ պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, սակայն, նշում է, որ պետք է թացը չորից տարբերել. «Եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում»։

Թեև իր այս հայտարարությունում Արայիկ Հարությունյանը ըստ էության խոսում է իր լծակների նվազեցման մասին, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ, Արցախի նախագահի այս հայտարարությունը նշանակում է, որ նա տեսանելի ապագայում հրաժարական չի տալու. «Ընդհանուր կառավորում իրականացնելու հանգամանքն էլ հենց իր նախագահության շարունակությունը լեգիտիմացնելու համար է, բնականաբար»:

Ստեղծված իրավիճակում դե ֆակտո Արցախում ավելի մեծ իշխանություն ունի Ռուսաստանը, ասում է Հակոբ Բադալյանը և հավելում, որ Արցախի իշխանությունը այժմ ավելի շատ հռչակագրային բնույթ ունի, քան քաղաքական սուվերենություն ունեցող ինստիտուտի։ Իր այսօրվա ուղերձում Հարությունյանը նաև խոսում է պատերազմի մասին ու նշում, որ այն կարող էր ավելի շուտ դադարեցվել ու ու ավելի քիչ կորուստներով, սակայն չի մանրամասնում, թե ինչպես:

«Արդյոք հնարավոր չէր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով», - հայտարարել է Արցախի նախագահը:

XS
SM
MD
LG