Վրաստանի իշխող կուսակցությունը վերստին Գիորգի Գախարիայի թեկնածությունն է առաջադրել վարչապետի պաշտոնում, այսօր հայտարարել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
45-ամյա Գախարիան գլխավորում էր կառավարությունը 2019 թվականից և հրաժարական է տվել անցած շաբաթ, երբ աշխատանքն է սկսել նորընտիր խորհրդարանը։
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Գախարիան կներկայացնի իր կառավարության կազմն ու ծրագիրը։ Նոր կաբինետը, սակայն, ամենայն հավանականությամբ կհաստատվի առանց ընդդիմադիրների․ իշխող «Վրացական երազանք»-ից բացի խորհրդարան անցած մյուս բոլոր ուժերը բոյկոտում են օրենսդիր մարմնի աշխատանքը, պնդելով, թե ընտրություններն ուղեկցվել են համատարած կեղծիքներով։
Ամիսներ առաջ երկու փուլով անցած քվեարկության արդյունքում խորհրդարանի 150 տեղերից 90-ը ստացել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը, մյուս 60 մանդատը բաշխվել է մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների միջև։