Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալու մասին համայնքապետի և ավագանու վեց անդամների անունից արված հայտարարությունից հետո որոշ բնակիչներ բողոքեցին, թե այն չի արտահայտում համայնքի մեծամասնության կարծիքը։
Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին համայնքապետարանի մուտքի մոտ՝ հակադարձելով, թե վարչապետի փոխարեն համայնքի՛ ղեկավարը պետք է հրաժարական տա։
«Մենք ուղիղ ասում ենք՝ եթե դու մինչև վերջ պահանջում ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ժողովուրդը քեզնից ա պահանջում հրաժարական։ Պետք չի քաղաքականությունից հեռու մարդկանց ուղեղը մտցնել, թե Նիկոլը դավաճան ա», - ասաց հավաքվածներից մեկը։
Սպիտակ համայնքի 13 տարվա ղեկավար Գագիկ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անհիմն համարեց իրեն ուղղված մեղադրանքները։ Ասաց՝ ինքն անձամբ իր դիրքորոշումն է արտահայտել, թեև իրավունք ուներ նաև հանդես գալու համայնքի անունից․ - «Ես 13 տարի ղեկավարում եմ Սպիտակի համայնքը, երեք անգամ վերընտրվել եմ մեր բնակիչների գերակշիռ մեծամասնության քվեով։ Եվ նրանք են ինձ տվել էդ մանդատը՝ հանդես գալու բոլորի անունից։ Ես դրա իրավունքը ունեցել եմ, սակայն էդ իրավունքից չեմ օգտվել»։
Գագիկ Սահակյանն ու ավագանու 13 անդամից վեցը համայնքապետարանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ 10 կետ են նշել, որոնք պատճառ են վարչապետի հրաժարականը պահանջելու համար։ Մասնավորապես՝ անհեռատես քաղաքականություն, տապալված դիվանագիտություն, պարտված պատերազմ, երկրի վտանգված սահմաններ, ապագայի նկատմամբ հավատի կորուստ և այլն։
Հայտարարության հեղինակները նաև մոտ 13 հազար ընտրող ունեցող քաղաքի բնակիչներին կոչ են արել «միանալ հրաժարականի պահանջին և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը»:
Սահակյանն ասում է՝ դավաճանի պիտակով ղեկավարն անընդունելի է իր համար․ - «Ինձ եթե նման բան ասեն, ես մի վայրկյան չեմ մնա էս աթոռին, մի վայրկյան չեմ փորձի նույնիսկ մտնել էս շենք։ Ինձ ասեն ստախո՞ս․․․ գետինը կմտնեմ։ Լավ, ինքնասիրություն չունի՞ էս մարդը»։
Երեք օր առաջ Գագիկ Սահակյանը չդիմավորեց Սպիտակ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երկրի ու համայնքի ղեկավարները կես ժամվա տարբերությամբ ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանին։ Մինչդեռ հրապարակ եկած սպիտակցիները ջերմ դիմավորեցին վարչապետին, նրան քաջալերող կոչեր արեցին, նշելով, որ աջակցում են իրեն։ Անգամ հորդորեցին ոչ մի դեպքում հրաժարական չտալ։
Ազատության հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ստիպակցիների ջերմ վերաբերմունքը իր կողմից դավաճան համարվող վարչապետի նկատմամբ, Գագիկ Սահակյանն արձագանքեց․ - «Ես դա ջերմություն չեմ համարում։ Ես դա համարում եմ, որ մեր երկրի վարչապետին ասում են ինչ ուզում ես արա, մեկ ա քեզ բան ասող չի ըլնի։ Չէ՛, ասող կա, և դրանցից մեկը ես եմ»։
Սպիտակ համայնքի ղեկավարն ասաց՝ վարչապետի նկատմամբ իր անվստահությունն առաջացել է դեռ պատերազմից առաջ, երբ, ըստ իրեն, իշխանությունն անարդյունավետ պայքար մղեց կորոնավիրուսի դեմ։ Սահակյանը հարցազրույցի ամբողջ ընթացքում այդպես էլ դիմակ չդրեց։ Ասաց՝ բոլորի հետ մաքուր սրտով է շփվում ու կորոնավիրուսով չի հիվանդանում, բայց միաժամանակ մեղադրեց իշխանություններին վիրուսի դեմ պայքարը տապալելու համար․ - «Այս փոքր երկրում, որ կարելի էր շատ ավելի հեշտ անել․․․ էն որ դըմբ-դըմբ-հու էինք անում, էդ նույն որ դըմբ-դըմբ-հուով ասեինք՝ մտեք տները, դուրս մի էկեք ընդամենը 15 օր․․․ Բայց մենք անում էին այոյի-ոչի հանրահավաք։ Ո՞ւմ էինք խաբում»։
Գործող համայնքապետի լիազորությունները կավարտվեն հաջորդ տարվա գարնանը։ Երեք անգամ վերընտրված հանրապետական Գագիկ Սահակյանը նախատեսում է մասնակցել նաև հաջորդ ընտրություններին։