Մատչելիության հղումներ

Էրդողանը վստահեցնում է՝ «եթե Հայաստանը միանա անվտանգության բազմակողմ հարթակին, մեր հարաբերություններում կարող է նոր էջ բացվել»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմամբ՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի մասնակցությամբ «տարածաշրջանում անվտանգության պլատֆորմ» ստեղծելու մասին Բաքվի նախաձեռնությանը:

Այդ մասին Էրդողանն ասել է Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ընթացքում՝ նախագահի օդանավում գտնվող լրագրողներին:

«Պարոն Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ իմ կարծիքն է հարցրել, ես ասացի, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը գաղափարը դրական է գնահատել, կարևոր է, որ ես էլ տամ դրական գնահատական, այդ թեմայով նույնիսկ Վրաստանի հարցն է բերվել օրակարգ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նրա հավաստմամբ՝ «եթե Հայաստանը միանա այդ հարթակին, ապա Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում կարող է նոր էջ բացվել»:

Դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնց ավարտին Էրդողանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո Բաքուն և Անկարան պետք է ձևավորեն տարածաշրջանում համագործակցության նոր՝ բազմակողմ հարթակ»:

Թուրքիայի նախագահը Բաքու էր մեկնել պատերազմում ադրբեջանական ուժերի հաջողությանը նվիրված զորահանդեսին ներկա լինելու համար:

XS
SM
MD
LG