Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր իրենց նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը, ըստ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի, երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու միջոց է։ Լուծումը ԼՀԿ-ականները տեսնում են միայն օրինական ճանապարհով, խորհրդարանում։
«Խորհրդարանը պետք է ընտրի անցումային շրջանի վարչապետ։ Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա», - ասաց Մարուքյանը։
Նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանը գտնվում է ճգնաժամի մեջ, պնդեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ մինչև այդ էլ երկիրը առողջապահական, տնտեսական, սոցիալական, դիվանագիտական ճգնաժամի մեջ էր։
Մարուքյանի ճանապարհային քարտեզի կետերից ամենաառանցքայինը Արցախի հարցով եռակողմ հայտարարության անորոշությունների շուրջ բանակցելն է․- «Էս խնդիրների հստակեցում և բանակցում, և մենք կարծում ենք, որ գործող իշխանությունը ունակ չէ դա անել»։
Նա վստահ է, որ ոչ մի ուժ չի կարող միայնակ ճգնաժամից հանել երկիրը։ Ասաց, որ թեպետ «Լուսավոր Հայաստանը» ունի վարչապետի իր թեկնածուն, նախաձեռնությունը կա հանդիպելու փողոց դուրս եկած 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։
Մարուքյանը, միևնույն ժամանակ, ավելացրեց, թե առանց «Իմ քայլը» խմբակցության երկրում ճգնաժամը չի հաղթահարվի։
Նկատենք, որ այսօրվա լսումներին իշխանական պատգամավորները չէին մասնակցում, թեև, Մարուքյանի պնդմամբ, նրանց հրավիրել էին։
Նա հենց ամբիոնից բոլոր ուժերին հորդորեց իմաստուն լինել հատկապես այս պահին, երբ երկրում վտանգված է հանրային անվտանգությունը․ - «Ուղղակի ես չեմ ուզում պատկերացնել մի իրավիճակ, որ նման խայտառակ փաստաթուղթ ստորագրելուց հետո մի հատ էլ մենք երկրի ներսում հանգենք քաղաքացիական բախումների, ինչի մասին վերջին օրերի ընթացքում անդադար խոսվում է»։
Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը դիմեց իշխանական պատգամավորներին՝ հորդորելով օր առաջ վճռորոշ քայլ անել․ - «Ես ասել եմ ամբիոնից՝ եթե դուք մնում եք այդտեղ, ուրեմն ձեր մեջ տղամարդ չկա, որ գա ասի՝ մենք պարտվել ենք, պետք է դուրս գանք։ Իրենցից պետք է դուրս գան, որ չկիսեն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ այն դավաճանական երևույթի պատասխանատվությունը, որ կա։ Եթե մնում են, ուրեմն կիսում են։ Բայց դուրս են գալու անպայման։ Ստեղից նրանք են դուրս գալու, դրսում ճնշումը հանրային լինելու է, և անպայման էդ հրաժարականը լինելու է։ Դրանից հետո մենք իրավունք չունենք ստեղծելու նոր կուռքեր»։
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, սակայն, չի հավատում, որ Փաշինյանը ինքնակամ կհեռանա, և զգուշացրեց՝ լինելու են անհնազանդության ակցիաներ․ - «Նա մինչև չհրահրի քաղաքացիական բախումներ, չի հեռանա։ Պիտի անենք ամեն ինչ, որ քաղաքացիական բախումները չլինեն։ Հայը հայի արյուն պիտի չթափի։ Այդ մարդը պիտի հեռանա։ Համաժողովրդական շարժումը նրան տվել է հեռանալու հումանիտար միջանցք՝ մինչև վաղը։ Լինելու են սահմանադրորեն թույլատրելի անհնազանդության, բողոքի ակցիաներ։ Ինչպես ասում էր այստեղ Արարատ Միրզոյանը հեղափոխության տարիներին, այո՛, չկա՛ որևէ շենք, որը մենք չկարողանանք մտնել, որովհետև մեր պայքարը արդար է։ Մենք ուզում ենք փրկել այն, ինչ մնացել է Արցախից, և մենք ուզում ենք փրկել Հայաստանը։ Դրա ճանապարհին կա մեկ խոչընդոտ, և այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է»։
Հասարակական սեկտորի ավելի քան վաթսուն ներկայացուցիչներ ևս այսօր խորհրդարանական ամբիոնից խոսելու հնարավորություն ունեին։
ՀՀ վաստակավոր արտիստ Գագիկ Գինոսյանը մտահոգություն հայտնեց, որ ընտրված ճանապարհը կարող է փակուղի լինել, քանի որ «սա վաղուց մտածված խաղ էր», և խորհրդարանական մեծամասնությունը կկասեցնի վարչապետի փոփոխություն յուրաքանչյուր փորձ․ - «Իրենք վարչապետ չեն ունենա, բայց թույլ էլ չեն տա, որ Ազգային ժողովը որոշակի որոշումներ կայացնի՝ առաջ քայլելու և ինչ-որ փոփոխություններ երկրում անելու»։
Լսումների ընթացքում, Փաշինյանի հրաժարականից բացի, կարմիր գծի պես անցնում էր մտահոգությունն առ այն, որ այսօր Հայաստանի տարածքային ամբողջությանն իրական վտանգ է սպառնում։ Ավելի քան հինգ ժամ ընթացած քննարկումների ժամանակ մասնակիցների մեծ մասն ամբիոնն օգտագործեց ոչ թե ստեղծված իրավիճակին լուծումներ կամ վարչապետի այլ թեկնածուներ առաջարկելու, այլ սեփական մտահոգությունները պարզապես բարձրաձայնելու համար։
Լսումների ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում Էդմոն Մարուքյանն ամփոփեց․ - «Սա ընդամենը մարդկանց կարծիքը լսելու փորձ էր։ Հաշվեք, որ սա մեր ցույցն ա, օրինակ։ Ով ինչ անում ա, որը կնպաստի վարչապետի հրաժարականին, թող անի»։