Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի գրասենյակը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին


Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան, այսօր նման հայտարարություն է տարածել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։

Վարչապետն, անդրադառնալով մասնավորապես իրեն և իր կառավարությանն ուղղված մեղադրանքներին, այսօր հայտարարել է․ - «Ով, կներեք հազար անգամ, չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա իր և մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն: Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը: Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել»։

Սերժ Սարգսյանի գրասենյակը հակադարձում է․ - «Քո իմացած բանակցային պատմությունը՝ բնորոշածդ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից լսածդ է, որին այնքան էիր հավատում, որ ավելորդ էիր համարում այդ գործընթացի մասին հանգամանորեն տեղեկանալ քո պետության՝ բանակցություններ վարած նախկին բոլոր ղեկավարներից: Նշանակում է՝ մեր թշնամուն անվերապահորեն վստահում էիր, իսկ քո քաղաքական ընդդիմախոսներին՝ ոչ: Հենց այդ պատճառով մինչև հիմա չես հասկացել բանակցային գործընթացի իմաստն ու նպատակը»:

Սերժ Սարգսյանի գրասենյակը նաև նշում է․ - «Անցած երկուսուկես տարում Արցախյան հիմնախնդրի լուծումը տարել ես բացառապես հող տալ կամ չտալու ուղղությամբ, մինչդեռ քեզնից առաջ բանակցություններ են վարվել Արցախը փոխզիջումների միջոցով Ադրբեջանի կազմից դուրս բերելու նպատակով: ՀՀ երրորդ նախագահը այս և շատ ու շատ այլ հարցերի հանգամանորեն դեռ կանդրադառնա:

Այլևս փաստ է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած և հողեր ազատագրած իշխանություններ, իսկ դու՝ հանուն աթոռիդ պատերազմում անարժանապատվորեն պարտված, Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար: Պատմությունը գրվում է փաստերով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG