Մատչելիության հղումներ

Դադիվանքի վանականների և ռուս խաղաղապահների միջև ջերմ հարաբերություններ են հաստատվել, վկայում է Պետդումայի պատգամավորը


Ռուսաստանցի խաղաղապահները պաշտպանում են Դադիվանքը, 24-ը նոյեմբերի, 2020թ.
Ռուսաստանցի խաղաղապահները պաշտպանում են Դադիվանքը, 24-ը նոյեմբերի, 2020թ.

Դադիվանքի վանահոր տեղապահ Գաբրիել վարդապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համալիրը պաշտպանող ռուսաստանցի խաղաղապահներին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, «Մարտական եղբայրություն» կազմակերպության փոխնախագահ Դմիտրի Սաբլինը, ով կազմակերպության մարդասիրական խմբի կազմում վերջերս այցելել է համալիր:

Սաբլինի փոխանցմամբ՝ «այսօրվա դրությամբ համալիրում ապրում է վեց վանական, իսկ հավատացյալները՝ խաղաղապահների ուղեկցությամբ, ունեն համալիր հասնելու և աղոթելու հնարավորություն»:

«Շատ մոտիկ՝ 100 մետրից ոչ հեռու, գտնվում են ադրբեջանական բանակի դիրքերը, բայց հայր Գաբրիելի խոսքերով՝ ադրբեջանցիները համալիր չեն մտնում», - ասել է Սաբլինը:

Դադիվանքի վանահայրը՝ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նոյեմբերի վերջին առողջական խնդիրների բերումով ժամանակավորապես մեկնել է Երևան և պետք է վերադառնա:

«Հայր Գաբրիելը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, ասել է, որ ուզում է իր եղբայրական երախտիքի խոսքերը փոխանցել ռուսական բանակին, քաղաքական երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի նախագահին և հոգևոր երախտագիտությունը՝ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին», - ասել է Իգոր Սաբլինը:

Նրա խոսքով՝ «վանականների և ռուսաստանցի խաղաղապահների միջև ջերմ հարաբերություններ են հաստատվել»:

«Այնտեղ ծառայում են իսկական պինդ, բարի տղերք»,- ասել է Պետական դումայի պատգամավորը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, «Մարտական եղբայրություն» կազմակերպությունը ոչ միայն համեստ նվերներ է մատուցել վանականներին և խաղաղապահներին, այլև Դադիվանքին է փոխանցել Սիրիայից՝ Մաալուլա ավանի ուղղափառ եկեղեցուց բերված սրբապատկերը:

«Վանքերն էլ գիտեն, թե ինչ է պատերազմը», - ասել է պատգամավորը և ավելացրել, որ «Մարտական եղբայրություն» կազմակերպությունը և Մոսկվայի Սուրբ Հարության եկեղեցին Սուրբ Ծնունդին նվերներ կուղարկեն Դադիվանքի վանականներին և ռուսաստանցի խաղաղապահներին:

XS
SM
MD
LG