Ֆրանսիայում քաղաքական մեծամասնություն ներկայացնող` Մակրոնի «Առաջ հանրապետություն» կուսակցության պատգամավորները և Սենատի հանրապետականների, դեմոկրատների, առաջադիմականների և անկախների խմբակցությունը առաջարկում են քննել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը Մինսկի խմբի բանակցությունների շրջանակում` հակամարտության տևական լուծման նպատակով, հաղորդում է «Արմենիուս» կայքը: Արդեն հայտարարվել էր Սենատի 2 գլխավոր քաղաքական բաղկացուցիչների կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձևը նոյեմբերի 25-ին Սենատի օրակարգ բերելու մասին:
Կարծիքներ են հնչում` մեծ հավանակություն կա, որ Սենատի կողմից այն կարող է ընդունվել:
Պատգամավորներն ու սենատորներն այսօրվա իրենց հաղորդագրությամբ նաև խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբեր 27-ին սկսած հարձակումը, Թուրքիայի և վարձկանների մասնակցությունն այդ պատերազմին և կոչ են արել կողմերին, այդ թվում` Թուրքիային զերծ մնալ միջամտությունից, ռազմական գործողություններից:
Այդ կայքում տեղադրված հաղորդագրությունը ներկայացրել է նաև խորհրդարանականների սպասելիքները Մինսկի խմբի շրջանակում Ֆրանսիայից` իբրև համանախագահ երկիր: Այդ քայլերը բաժանված են մի քանի բնագավառի` միջազգային արդարադատություն, օրինակ, միջազգային պատժիչ դատարանի առջև քննելու պատերազմում տեղի ունեցած ոճիրները, մարդկային, միջազգային իրավունքի ոտնահարումը, արգելված զենքերի օգտագործումը քաղաքացիական բնակչության հանդեպ: Երկրորդն անվտանգության ապահովումն է, որի համար խորհրդարանականները հանդիսավոր դիմել են Մինսկի խմբին, որպեսզի իր հերթին էլ վերջինս դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` ապահովելու Ղարաբաղի քաղաքացիական բնակչության անվտանգությունը, միաժամանակ քաջալերելով Ֆրանսիային ներգրավվել հրադադարի հսկողության և խաղաղության պահպանման հատուկ կենտրոնի աշխատանքներին:
Հաղորդագրության մեջ հատուկ կետեր կան նաև մարդասիրական օգնություն տրամադրելու, տեղահանվածների վերադարձի համար անվտանգության պայմաններ ապահովելու, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ: Անդրադառնալով քաղաքական և դիվանագիտական բնագավառին` պատգամավորները և սենատորները նշել են, թե տևական խաղաղության հաստատման նպատակով իրենք ներկայացնելու են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը նույն ձևակերպմամբ թե Ազգային ժողովում, և թե Սենատում:
Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնության առաջին օդանավն այսօր է ժամանում Երևան, երկրորդը` նոյեմբերի 27-ին: Մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոննը, որն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ` աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք - հեռախոսամարաթոնին։