Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ Վաշինգտոնում ցույց են անցկացրել` իրենց աջակցությունը հայտնելով նախագահ Դոնալդ Թրամփին։
Նրանք կրկնել են Թրամփի կողմից չհիմնավորված հայտարարությունները, թե ընտրությունները կեղծվել են։
Ցուցարարները Սպիտակ տան մոտից Փենսիլվանիա պողոտայով երթով հասել են Գերագույն դատարան։ Մինչ ուշ երեկո ցույցը խաղաղ բնույթ է կրել, բայց հետո լարվածություն է առաջացել, երբ դեմոկրատների աջակիցները ևս փողոց են դուրս եկել։ Ոստիկանները շուրջ երկու տասնյակ մարդու բերման են ենթարկել։
Երթը սկսվելուց առաջ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունն անցել է Փենսիլվանիա պողոտայով, մեքենայի միջից Թրամփը ողջունել է ցուցարարներին։ Նրա ավտոշարասյունն ուղևորվել էր Վիրջինիայի գոլֆի խաղադաշտը։ Դոնադ Թրամփը թվիթերյան գրառմամբ կենտրոնական լրատվամիջոցներին մեղադրել է իր աջակիցների ցույցը չլուսաբանելու համար։
Դոնալդ Թրամփը հրաժարվում է ընդունել իր պարտությունը, չնայած նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունների արդյունքները վկայում են, որ հաղթել է նրա մրցակիցը՝ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը։