«Չեմ էլ ուզում, որ անցյալով խոսեմ, ես շարունակում եմ մնալ Շուշիի քաղաքապետ։ Թող դա ոչ թե երազանք լինի, այլ նպատակ, որ մենք պիտի վերադառնանք նորից Շուշի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Արծվիկ Սարգսյանն այժմ Երևանում է, մեկ օր առաջ Եռաբլուրում հողին է հանձնել հարազատ եղբորը՝ Անդրանիկ Սարգսյանին, որը զոհվել է Շուշիի մարտերում նոյեմբերի 4-ին, մարմինը խրամատից հանել են օրեր առաջ միայն․ - «Հնարավոր չէր, որովհետև իրենց սնայպերներն էին աշխատում, իրենք արդեն դիրքը իշխում էին։ Կարմիր խաչի և ռուսական բանակի միջոցով, մեր տեղական արտակարգ իրավիճակների ծառայության միջոցով հանել ենք»։
Շուշիի քաղաքապետը հիմա Արցախի օպերատիվ շտաբում ընդունում է շուշեցիներին, նաև Քարինտակ գյուղի բնակիչներին, որոնց գյուղապետն էլ զոհվել է մարտերում։
Արծվիկ Սարգսյանի խոսքով, շուշեցիները նախևառաջ Շուշի վերադառնալ են ուզում․․․ հնարավոր չէ։ Փաստաթղթերը դուրս բերել են ուզում․․․ սա էլ հնարավոր չէ․ - «Հարց են տալիս՝ մենք հնարավորություն ունե՞նք մտնենք՝ գոնե մեր փաստաթղթերը հանելու, մեր ունեցվածքը հանելու։ Որովհետև մարդիկ իրեն հագի շորերով դուրս են եկել։ Որովհետև մարդիկ տեղյակ չէին, ոնց որ ես, որ Շուշին պետք է անցնի թուրքերի ձեռքը»։
Քաղաքապետն ասում է, որ մի քանի անգամ կազմակերպված տարհանել են Շուշիի բնակիչներին, բայց շատերը հեռանալ ուղղակի չէին ցանկանում․ - «Մեկի երեխան դիրքերում էր, ինքը չէր համաձայնվում երեխային թողնել դիրքում, գնալ․․․ Չէր համաձայնվում»։
Պարզվեց Շուշիում նաև մի քանի խաղաղ բնակիրչներ էին մնացել բուն մարտական գործողությունները հենց քաղաքի ներսում սկսվելուց հետո։ Սումգայիթից փախած կույր շուշեցի Սպարտակ Թևոսյանին ադրբեջանական կողմը գերեվարել է, ու տարածած տեսանյութում զինվորները նվաստացնում են ծերունուն։ Քաղաքապետը փնտրում է կորցրած քաղաքի մի քանի բնակիչների նույնպես։
Ինչո՞ւ ընկավ քաղաքը․ մարտական գործողություններին մասնակցած քաղաքապետն ասում է կռվող ուժի պակաս չկար, բայց ադրբեջանական կողմը քաղաք էր մտել մի քանի ուղղություններով, նաև թիկունքից․ - «Այ, էդ մեկ չեմ կարողանում պատասխանեմ, որովհետև թե ինչ էր կատարվել, ես էլ չեմ հասկանում»։
«Ես Հայրենիք չունեմ», - ասում էր Արցախի օպերատիվ շտաբ եկած շուշեցի Գյուլվարդ Աթայանը․ - «Իմ պապը Հայրենական պատերազմի վետերան ա եղել, 1903 թվականին ա Շուշիում ծնվել։ Իմ հերը 36 թվին Շուշի քաղաքում ա ծնվել, ես 60 թվին Շուշի քաղաքում եմ ծնվել, իմ տղեն 80 թվին Շուշի քաղաքում ա ծնվել, իմ թոռը 2006 թվին Շուշի քաղաքում ա ծնվել։ Ես ոչ ուրիշ տեղ հայրենիք ունեմ, ոչ տուն ունեմ, ոչ տեղ ունեմ»։
12 օր առաջ Շուշիի մարտերում որդին զոհվեց։ Գյուլվարդ Աթայանը 20 հոգանոց ընտանիքով ապրելու տեղ է փնտրում Եռաբլուրի տարածքին մոտ։
Քաղաքապետն ասում է, որ ցուցակագրում են այն շուշեցիներին, որ ուզում են Արցախում հաստատվել։
Հերիքնազ Գաբուլյանն ասում է, որ 4 մանկահասակ երեխա ունի, կան՞ անվտանգության երաշխիքներ Ստեփանակերտում։ Կամ այդ երաշխիքն է ուզում, կամ փախստականի կարգավիճակ․ - «Մի անգամ 92 թվականին Շահումյանից ենք դուրս էկել ու մինչև հիմա ոչ մի կարգավիճակ։ Երկրորդ անգամ Շուշիից ենք դուրս գալիս։ Ինչքա՞ն կարելի ա մարդ տուն դնի, տուն թողի․․․ Եթե պետությունը չի կարողանում մեր հոգսը քաշի, որը մենք հիմա ակնհայտորեն տեսնում ենք, թող ինչ-որ կարգավիճակ տան, որպեսզի մենք կարողանանք դիմել ինչ-որ դեսպանատներ»։
Հերիքնազն իհարկե կցանկանար Շուշի վերադառնալ, մանկավարժ էր այնտեղ։ 5 հազար բնակիչ ունեցող քաղաքը երկու դպրոց ուներ, ևս մեկը՝ երաժշտական, տեխնոլոգիական համալսարան՝ իր քոլեջով, արհեստագործական ուսումնարան՝ ամենաժամանակակից սարքավորումներով, մշակույթի տուն, թատրոն, մանկական թատրոն և հինգ թանգարան։
«Քաղաքի հյուրանոցներում հաճախ տեղ չէր լինում՝ զբոսաշրջիկներն այնքան շատ էին», - ասում է քաղաքապետը․ - «Շուշին ո՛չ տխուր էր, ո՛չ էլ դժգույն։ Ինձ համար լուսավոր քաղաք ա։ Ո՞նց կարող ա տխուր լինի մի քաղաք, որ ունեցել ա 11 եկեղեցի, որ այժմ գործում ա երկու եկեղեցի, մեկը՝ կիսավեր»։