Մատչելիության հղումներ

«Ծառուկյանի փեսաները մտել էին կառավարություն ցուցարարներին հանդարտեցնելու»


Արցախում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գիշերը կառավարության շենք ներխուժած տղամարդկանցից մի քանիսը բուհերի ուսանողական խորհուրդների հանրապետական նախկին ղեկավարներ են, 2-ը «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսաներն են: Սա` ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի՝ այսօր հրապարակած անվտանգության տեսախցիկների տեսանյութի։

Տեսանյութում երևում են կառավարության շենքում կողք կողքի քայլող ԱԺ պատգամավոր, Ծառուկյանի դստեր ամուսին Դավիթ Մանուկյանը և Ծառուկյանի մյուս դստեր ամուսինը` Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը։ Ազգային ժողովում այս թեմայով վեճ ծավալվեց։

«Նրանց շարքում էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը, ասե՞մ անունը...Դավիթ Մանուկյան», - նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ինչից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ: Նազարյանը շարունակեց. «Հիմա եթե դուք էիք… այսքանը»:

«Բարգավաճից» Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց, որ ջարդուփշուր է եղել նաև խորհրդարանում իրենց խմբակցության պատգամավորների գույքը, իսկ Մանուկյանն ու Գուլոյանը գույք չեն վնասել: Ինքը` պատգամավոր Դավիթ Մանուկյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել է, որ Կարապետ Գուլոյանի հետ եղել է կառավարության շենքում: Նա հայտնել է, որ Հանրապետության հրապարակից 100 մետր հեռավորության վրա է բնակվում և, լսելով աղմուկը, գնացել է կառավարություն՝ փորձելով հանդարտեցնել կրքերը։ Մանուկյանն Ազգային ժողովում այսօր ելույթ չունեցավ, սակայն ԲՀԿ-ի պատգամավորներից շատերն անդրադաձան Մանե Գևորգյանի հրապարակած տեսանյութին։

«Իրապես շատ եմ ցավում, որ մենք չենք հասցրել կանխել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած միջադեպը, և որևէ մեկին այս դահլիճում թույլ չեմ տա կասկածել, որ այդ բռնությունը կարող էր մեզ համար ընդունելի լինել: Այն միանշանակ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության համար դատապարտելի է, և դրա մասին բազմաթիվ անգամ ասել ենք: Եվ հենց դրա համար էր, որ մենք, ի տարբերություն ձեզ, այդ օրը և կառավարությունում էինք, և Ազգային ժողովում, և հուսով եմ, որ լայվերից տեղեկացել եք, թե ինչպես էինք փորձում հանդարտեցնել ժողովի ցասումը», - ասաց Շաքե Իսայանը:

ԲՀԿ-ից Արման Աբովյանը հայտարարեց, որ իր սենյակից ևս գողություն է կատարվել. «Բարգավաճի» պատգամավորները, իրենց անվտանգությունը վտանգելով, պետական կառույցներ էին պաշտպանում, երբ որ դուք բոլորդ անհետացել էիք, պռոստ չկայիք, էտ եք տեսնում»:

Այնուամենայնիվ, «Իմ քայլից» պատգամավոր Հայկ Սարգսյանի կասկածները փարատված չեն, որ կառավարության, Ազգային ժողովի և կառավարական կեցավայրի վրա հարձակումները ուղղորդված են եղել որոշ քաղաքական ուժերի կողմից. «Թանկարժեք մեքենաներով համարները հանած` գիշերը գալիս են կառավարության շենք, և վկաների պնդմամբ` նաև իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարում են անհարիր և վատ արարքներ` քրեորեն հետապնդելի: Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ, իհարկե իմ կողմից նշված` Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները որևէ բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում»:

Ըստ Մանե Գևորգյանի հրապարակած տեսանյութի՝ կառավարության շենք ներխուժող երիտասադների շարքում են նաև ԲՀԿ երիտասարդական թևի ղեկավար Աշոտ Անդրեասյանը, Տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, նույն բուհի նախկին ուսխորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը: Վերջին երկուսը մեկ այլ տեսանյութւոմ ներկայանում են որպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից։ Արդյոք այս մարդիկ որևէ առնչություն ունեն երկրորդ նախագահի աջակիցների ճամբարի հետ, այսօր մեզ չհաջողվեց ճշտել նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարից։

Մանե Գևորգյանի հրապարակած տեսանյութում պատկերված անձանցից քանիսն են ԱԱԾ-ում հարուցված քրգործում ներգրավված որպես մեղադրյալներ, նախաքննական մարմնից մեր այս հարցին հստակ չպատասխանեցին, միայն հայտնեցին, որ «քննչական աշխատանքները շարունակվում են, և կան կալանավորված անձինք»։

XS
SM
MD
LG