Մատչելիության հղումներ

Աշխատանքներ են տարվում գերության մեջ հայտնված անձանց և դիակների փոխանակման գործընթացն իրականացնելու համար, հայտնում է ՊՆ-ն


Ակտիվ աշխատանքներ են իրականացվում խաղաղապահ առաքելության ղեկավարության և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ սեղմ ժամկետներում գերության մեջ հայտնված անձանց և դիակների փոխանակման կիրառական մեխանիզմներ ստեղծելու և գործընթացն իրականացնելու համար, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունը և ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումը հնարավորություն է ստեղծում մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ դեռևս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի ճշտման, դիակների փոխանակման համար», - նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն ընդգծել է, որ պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում:

Համաձայն հաղորդագրության, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սահմանված կարգով սկսել է կատարել հատուցումներ սեպտեմբերի 27-ից հետո վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներին: Աշխատանքներ են տարվում անհայտ կորածների մասին առկա օրենսդրական դաշտի, ինչպես նաև վիրավորված կամ զոհված զինծառայողներին տրամադրվող հատուցումների գործող կարգի պարզեցման և հատուցումների տրամադրման ժամկետների կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների մշակման ուղղությամբ:

Հայկական կողմի հրապարակած վերջին տվյալներով՝ Ադրբեջանում մոտ երկուսուկես տասնյակ հայ ռազմագերի կա։

XS
SM
MD
LG