Մատչելիության հղումներ

Ըստ ՀՅԴ անդամ Ռուստամյանի՝ «այս իշխանությունների ժամանակ հաղթանակը մսխվել է»


«Նախկին իշխանությունների ժամանակ հաղթանակ է կերտվել, էս իշխանությունների ժամանակ հաղթանակը մսխվել է»,- այսօր հանրահավաքի ժամանակ «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանն՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

«Ժողովուրդը հաղթել է մինչև էս իշխանությունների գալը։Հետ եկած մեծ ձեռքբերումը մենք այսօր զրոյացրել ենք։ Մենք գործ ունենք ապաշնորհ, դավաճան իշխանությունների հետ», - ասաց Ռուստամյանը։

Հարցին, թե ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել, Ռուստամյանը պատասխանեց․ - «Չխաբել ժողովրդին։ Նա ամեն ինչով խաբել ա ժողովրդին, ինչ ասել ա, սուտ ա ասել։ Ասում էր՝ «պետք ա ժողովուրդը որոշի», ժողովո՞ւրդն ա որոշել։ Կառավարման փորձ պետք է ունենաս, ազգդ պետք է սիրես, կարողանաս ազգդ սիրես։ Փողոց փակելով, ամեն ինչ քանդել ջարդելով եկել են իշխանության, շարունակում են ամեն ինչ քանդել ու ջարդել, վերջում էլ մեր հաղթանակը քանդեցին ու ջարդեցին, հիմա էլ հայրենիքի հիմքեր են կործանման ճանապարհով տանում՝ վերացնեն։ Ինքը եկավ մի ծրագրով, որը պետք է բավարարի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդին, իսկ էսօրվա լուծումը բավարարում է միայն Ադրբեջանի ժողովրդին, էդ մարդը մնում ա, որ ի՞նչ անի, մի հատ էլ Հայաստանը հանձնե՞նք»։

Մեկ այլ հարցի, թե իրենք ինչպե՞ս են իրավիճակը շտկելու, փաստաթուղթն արդեն ստորագրված է, Ռուստամյանը պատասխանեց, թե հողը պահողը կարող է հողը հետ բերել։

«Հենց էն, որ ինքն իրավունք չի ունեցել դա անի, պետք է մի ուրիշը գա, որ շտկի էս վիճակը։ Կանենք կտեսնենք, նախ էդ ստորագրությունը չի կատարվել լեգիտիմ ճանապարհով, միջազգային օրենքներ կան, նորմեր կան, տաբալային պարտադրել են էս պայմանագիրը, սա էլ ստորագրել ա՝ առանց մեզ տեղյակ պահելու։ Էն, ով որ տեղյակ չէր, բայց իրավունք ունի խոսել ժողովրդի անունից, նա էլ կարող է շտկել վիճակը»։

Ռուստամյանը հայտարարեց, եթե Փաշինյանը հրաժարական չտա, ժողովուրդը պետք է հավաքվի և նրան վռնդի։ «Ոնց որ եկել ա, տենց էլ պիտի գնա», - ասաց Ռուստամյանը՝ եզրափակելով՝ ցույցերն ամենօրյա են լինելու։

XS
SM
MD
LG