Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է հարձակումը ՀՀ ԱԺ խոսնակի վրա


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգե Ժերեթելի, արխիվ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգե Ժերեթելի, արխիվ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգե Ծերեթելին հայությանը հասցեագրված հատուկ ուղերձով մեկնաբանել է ղարաբաղյան պատերազմն ավարտելու ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնությունը:

Նա հույս է հայտնել, որ այդ փաստաթղթով կհաջողվի վերջապես դադարեցնել արյունահեղությունը: Նա ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում մարդկային կորստի համար: Ծերեթելին նաև կողմերին հորդորել է առանց ձգձգելու սկսել գերիների, ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը:

«Ճանապարհը դեպի հարատև խաղաղություն շատ հաճախ ավելի բարդ է, քան բուն պատերազմը, կոչ եմ անում բոլոր կողմերին բարի կամքով սկսել բանակցությունները, ապահովել տեղահանվածների և փախստականների անվտանգ վերադարձը, հասնել համապարփակ կարգավորման և վերջապես միասին կառուցել ապագան», - ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Գեորգե Ծերեթելին արձագանքել է համաձայնագրի հրապարակմանը Երևանում հաջորդած անկարգություններին: Նա խորը մտահոգություն է հայտնել ամբոխի կողմից խորհրդարանի և կառավարության շենքերը գրավելու, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ:

«Ես վրդովված եմ բողոքի ակցիաների որոշ մասնակիցների կողմից խոսնակ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու փաստից: Կասկած չկա, որ դա շատ ցավալի և զգացական օր է հայ ժողովրդի համար, բայց ես կոչ եմ անում պահպանել վստահությունը դեմոկրատական ճանապարհով ընտրված իշխանության հանդեպ, քանի որ այդ իշխանությունը պետք է ղեկավարի Հայաստանը մարտահրավերներով լի այս դժվար ժամանակներում», - ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը:

XS
SM
MD
LG