Մատչելիության հղումներ

Ըստ Տեր-Պետրոսյանի` քաղաքացիական պատերազմը կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար


Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով, հայտարարում է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար», - Ilur.am-ում իր հայտարարության մեջ նշել է Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահը հույս է հայտնում, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես «պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև երեկ հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։ Երեկ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Արցախում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, կառավարության ու Ազգային ժողովի շենքերի մոտ հավաքված քաղաքացիները բողոքի ակցիաներ կազմակերպեցին, որոնք հետո անկարգությունների վերածվեցին։

Բացի այդ, 17 կուսակցությունների խորհուրդը վաղը՝ նոյեմբերի 11-ին հանրահավաք է հրավիրել։

XS
SM
MD
LG