Մատչելիության հղումներ

Զոհված ռուս օդաչուները կներկայացվեն ՀՀ պետական պարգևների, հայտնում է ՊՆ խոսնակը


Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ, և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:

«Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների», - Ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր ավելի վաղ հայտնել է երկրի տարածքում՝ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում ռուսական ուղղաթիռի ընկնելու և բռնկվելու մասին:

Ուղղաթիռի խոցման կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ ռուսական օդանավը խոցվել է Ադրբեջանի զինվորականների կողմից, և ներողություն խնդրելով պաշտոնական Մոսկվայից:

XS
SM
MD
LG