Մատչելիության հղումներ

Pfizer-ը և BioNTech-ը հայտարարում են՝ Covid-19-ի դեմ փորձնական պատվաստանյութը ավելի քան 90 տոկոս արդյունավետություն է ցույց տվել


Դեղագործական ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ Pfizer-ը գերմանական BioNTech -ի հետ համագործակցությամբ հայտարարում են, թե կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստանյութը ավելի քան 90 տոկոս արդյունավետություն է ցույց տվել․ սա, ըստ փորձագետների, կարող է բեկումնային լինել համավարակի դեմ պայքարում, որն այս տարեսկզբից ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք է խլել և կաթվածահար արել տնտեսությունն ու սոցիալական կյանքը ողջ աշխարհում։

«Այս օրը արժանահիշատակ օր է՝ գիտության ու ողջ մարդկության համար», - հայտարարել է ամերիկյան Pfizer-ի նախագահ ու գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան, հավելելով, - «մենք մոտենում ենք մեր պատվաստանյութի վճռորոշ հանգրվանին մի փուլում, երբ աշխարհը ամենից շատ դրա կարիքն ունի՝ վարակման ցուցանիշները նոր ռեկորդներ են սահմանում, հիվանդանոցներում այլևս ազատ տեղեր չկան, տնտեսություններն էլ պայքարում են վերաբացվելու համար»։

Համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոնումներ էին սկսվել տասնյակ երկրներում, մշակվել էր ավելի քան հարյուր փորձանմուշ։ Առաջինը Ռուսաստանն էր գրանցել պատվաստանյութի իր տարբերակը, որը, սակայն, չէր անցել փորձարկումների երրորդ՝ զանգվածային փուլը։

Ըստ փորձագետների, Pfizer-ի և BioNTech-ի արտադրանքն առայժմ ներկայացվածներից լավագույն արդյունքն է արձանագրել, և ամենայն հավանականությամբ շուտով կգրանցվի Միացյալ Նահանգներում։

XS
SM
MD
LG