Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «ճշգրիտ տվյալներ ունի Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինների մասին»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հերթական անգամ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը "Россия сегодня"-ի տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է, թե ծառայությունը հստակ ու ճշգրիտ տվյալներ ունի Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինների մասին:

«Կային հստակ տվյալներ, մենք այդ տվյալները ստացել ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից՝ Մերձավոր Արևելքում և Միջին Արևելքում», - նշել է Նարիշկինը:

Վերջինս միաժամանակ ընդգծել է, որ Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցում է նաև թուրքական հետախուզությունը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, ավելի վաղ ասել էր, որ իրենց տեղեկություններով՝ Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցող ահաբեկիչների թիվը հասնում է 2000-ի։ Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ երեկ ընդգծել էր` նրանց տեղակայումը կարող է ահաբեկչության անկլավ դարձնել Հարավային Կովկասը։

Ահաբեկիչների թիվը Ղարաբաղում 2 հազարի հասնելու մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը արձագանքել էր Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովին մեղադրել էր սխալ տեղեկություն տարածեու մեջ և ակնարկել, որ Բաքուն էլ կարող է խոսել այն մասին, թե ինչպես են ռուս վարձկանները մասնակցում ռազմական գործողությունների տարբեր երկրներում:

Ալիևի այս արձագանքից հետո ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության իր աղբյուրին, տարածեց մի հաղորդագրություն: «Անկեղծ ասած մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգարժան Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Սերգեյ Լավրովի մեկնաբանությունը, միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ուրիշ որևէ նյութ են ցույց տվել կամ ներկայացրել են սեփական մեկնաբանությունը», - ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Ռուսաստանի ԱԳՆ-ի անանուն աղբյուրը շեշտել է նաև, որ Մոսկվային, իհարկե, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը, և որ Մոսկվան բազմիցս կոչ է արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2 հազարին:

ՏԱՍՍ-ի զրուցակիցը նաև ընդգծել է, որ Լավովի մեկնաբանության մեջ ոչ Ադրբեջանի, ոչ էլ այլ երկրի հասցեին կշտամբանք չկա:

Այս մեկնաբանությունը, սակայն, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում չկա:

Պաշտոնական Մոսկվան ղարաբաղյան պատերազմը սկսվելուց ի վեր պարբերաբար շեշտում է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպես երկիր, որը սերտ կապեր ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, ունի ընդգծված չեզոք դիրքորոշում, սակայն սրա հետ մեկտեղ պարբերաբար բարձրաձայնում է վարձկանների և պատերազմին Թուրքիայի անուղղակի ներգրավվածության հարցը:

XS
SM
MD
LG