Մատչելիության հղումներ

Ալիևը անհիմն է որակել Լավրովի հայտարարությունը


Ադրբեջանի նախագահը անհիմն է որակել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկու օր առաջ հնչեցրած հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության գոտում վարձկանների թիվը մոտենում է երկու հազարի՝ իսպանական EFE լրատվական գործակալության հետ զրույցում նաև հայտարարելով, թե Ռուսաստանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։

Թղթակիցը հարցնում է. «Սերգեյ Լավրովը երեկ ասաց, որ Լեռնային Ղարաբաղում կռվում են մոտ երկու հազար վարձկաններ, ի՞նչ կասեք այս կապակցությամբ»։

«Բազմիցս պատասխանել եմ այդ մեղադրանքներին, անհիմն մեղադրանքներին։ Եթե անկեղծ խոսենք, ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք պետք է չեզոք լինեն, գործեն ԵԱՀԿ կողմից իրենց տված մանդատի հիման վրա, օգտվում են չհաստատված «տեղեկություններից» և ասեկոսեներից», - նշել է Աիևը՝ շարունակելով, - «մեզ մոտ վարձկաններ չկան։ Բազմիցս ասել եմ այդ մասին։ Բանակ ունեք, որը կազմված է հարյուր հազար մարտիկներից, և եթե համընդհանուր զորահավաք հայտարարենք, կկարողանանք մի քանի անգամ շատ [զորք] հավաքել։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի, չենք անում։ Որևէ ապացույց չկա, որ մեր կողմից մարտնչում է ինչ-որ մի օտարերկրացի մարտիկ։ Ավելի քան մեկ ամիս է, ինչ մեզ որևէ ապացույց, փաստաթուղթ, փաստարկ չի ներկայացվել։ Միայն հայտարարություններ են։ Ուստի, ինչո՞ւ նրանք չեն տեսնում հայկական կողմում կատարվողը, որքան վարձկաններ են կռվում իրենց կողմից։ Ինչո՞ւ մեզ մեղադրող Ռուսաստանը, Ֆրանսիան ոչինչ չասացին այդ մասին։ Սա ընտրովի մոտեցում է, որը չի կարող ընդունելի լինել մեզ համար, չի համապատասխանում համանախագահների մանդատներին։ Բազմիցս ասել եմ՝ միջնորդները պետք է լինեն չեզոք։ Եթե նրանք կանգնում են ինչ-որ մեկի կողքը, իրենց գործն է, սակայն այդ դեպքում պետք է թողնեն միջնորդությունը»։

Հիշեցնենք, որ հայկական կողմը ներկայացրել է գերեվարված երկու վարձկանների մասին տեսանյութեր, ուր երկուսն էլ հայտարարում են, որ հավաքագրվել են Սիրիայում և Թուրքիայի միջոցով տեղափոխվել Ադրբեջան՝ Ղարաբաղում կռվելու նպատակով։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է ասել այն պնդումների մասին, որ Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերում է քաղաքական ու ռազմական աջակցություն, Ալիևը նախ հայտարարել է, որ Բաքուն գնում է ու շարունակելու է սպառազինություն գնել Անկարայից և հավելել է. «Ինչո՞ւ նրանք, ովքեր համառորեն խոսում են Թուրքիայի կողմից մեզ ցուցաբերվող ռազմական օգնության մասին, չեն խոսում միջնորդի, Մինսկի խմբի համանախագահի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող ռազմական աջակցության մասին»։

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել Սիրիայից Ադրբեջան զինյալների տեղափոխման և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում նրանց մասնակցության մասին։

Պատերազմի մեկնարկից ընդամենը հաշված օրեր էին անցել, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց, թե «Իսլամական պետության» հետ կապ ունեցող սիրիացի իսլամիստ մոտ 300 զինյալներ Թուրքիայով տեղափոխվել են Ադրբեջան։

Օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական կազմակերպությունների մի քանի հազար ծայրահեղականներ տեղափոխվել են ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հավելելով, որ Թուրքիան առաջին անգամ այդպես բացահայտ հանդես է գալիս Ադրբեջանի կողմից։

Ադրբեջան տեղափոխված իսլամիստ զինյալների մասին հոկտեմբերի վերջին գրեթե միաժամանակ խոսեցին նաև Միացյալ Նահանգների ու Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները։

Հոկտեմբերի 29-ին Երևան ժամանած Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Իրանը «շատ անհանգստացած է» Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունից և իր մտահոգությունն է փոխանցել պաշտոնական Բաքվին։

Փաստորեն, ժամերի տարբերությամբ Ադրբեջանում առկա զինյալների մասին խոսեցին նաև ԱՄՆ-ում։ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը հոկտեմբերի 30-ին հայտարարեց, թե «Չնայած Թուրքիայի ժխտումներին, կան արժանահավատ հաղորդումներ, որ Թուրքիան հակամարտություն է մտցրել զինյալների՝ Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակից»։

XS
SM
MD
LG