Մատչելիության հղումներ

Երաժիշտները շարունակում են բարեգործական համերգներով աջակցել Արցախին


Կոմիտաս» լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադևոսյան
Կոմիտաս» լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադևոսյան

Արցախյան պատերազմի օրերին մշակութային ամենատարբեր  հաստատություններ, կոլեկտիվներ,  արվեստագետներ հանդես են գալիս բազմաթիվ ձեռնարկներով՝ ի աջակցություն ռազմաճակատի առաջնագծում կանգնած զինվորների ու սպաների:

Ահա առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 8-ին մի շատ ուշագրավ բարեգործական բացօթյա համերգ տեղի կունենա մայրաքաղաքի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում, որտեղ մեր հանրությունը հնարավորություն կունենա ունկնդրել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներին, «Կոմիտաս» լարային քառյակի և «Հովեր» երգչախմբի կատարումները, հանրահայտ երգիչ, երգահան Վահան Արծրունուն, դուդուկահար Նորայր Քարտաշյանին։ Հանդես կգա նաև Լիլիթ Բլեյանի և Տիգրան Տեր- Ստեփանյանի ակուստիկ դուետը:

Մեր անվանի երաժիշտ-կատարողների այս համախմբումը մեկ նպատակ ունի՝ բարեգործական համերգի ողջ հասույթը հատկացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Ես ուղղակի, որպես մշակույթի ներկայացուցիչ, գտնում եմ, որ մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի ինչ-որ չափով թեթևացնենք առաջնագծում գտնվող մեր զինվորների, սպաների հոգսը։ Ի՞նչ կարող ենք մենք անել․ միայն այսպիսի բարեգործական միջոցառումներ կազմակերպել, որպեսզի մենք էլ մեր ներդրումը ունենանք այդ խնդրում։ Աստծու ձեռքը անպակաս լինի մեր տղաներից, և այս արյունը, որ թափվում է, ես կարծում եմ, որ պետք է հաղթանակով վերջանա», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Կոմիտաս» լարային քառյակի երկարամյա գեղարվեստական ղեկավար, անվանի ջութակահար Էդվարդ Թադևոսյանը։

«Մենք պիտի աշխատենք և՛ դիվանագիտական խողովակներով, շատ խելոք քաղաքականություն տանենք, և՛ մեր բանակը պետք է զինված լինի ժամանակակից լավագույն զենքերով, օդանավերով, ԱԹՍ-ներով։ Շատ լուրջ պետք է մտածել այս մասին։ Խելոք պիտի լինենք և պիտի մտածենք ոչ թե միայն այս կարճ ժամանակամիջոցի մասին, այլ հեռատես պիտի լինենք ամբողջ մեր և՛ քաղաքական, և՛ զինվորական զինանոցով», - հավելեց Թադևոսյանը։

XS
SM
MD
LG