15 տարվա դադարից հետո System Of A Down-ը թողարկեց նոր երգեր՝ Protect The Land և Genocidal Humanoidz՝ «Պաշտպանել հողը» և «Ցեղասպան մարդանմաններ»:
15 տարի շարունակ System Of A Down-ը՝ միավորվելով համերգների համար, լեփ-լեցուն սրահներում ու մարզադաշտերում կատարել է հատնի հիթեր և վարպետությամբ խենթության հասցրել միլիոնավոր ֆանատներին: Եվ հիմա՝ երկու նոր երգ՝ ի պաշտպանություն հայրենիքի:
Օրերս խմբի մեներգիչ, երգահան Սերժ Թանկյանը հատուկ ուղերձով դիմել է System Of A Down-ի երկրպագուներին:
«Պատերազմով եկել են մեր մշակութային հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի վրա: Ադրբեջանի և Թուրքիայի կոռումպացված ռեժիմների պարագլուխներ Ալիևն ու Էրդողանը ոչ միայն ուզում են յուրացնել Արցախն ու Հայաստանն, այլև մարդկանց ու բնության դեմ ցեղասպան արարքներով փորձում են ավարտին հասցնել հրեշավոր նպատակները:
Նրանց հաշվարկն այն է, որ կորոնավիրուսով, ընտրություններով և սոցիալական ընդվզումներով զբաղված աշխարհը չի նկատի այդ գազանությունը», - ասել է երգիչը:
Խումբը երգերը տեղադրել է Bandcamp էջում: Հիմա բոլոր կատարողներն ունեն այդ էջը: Այցելուն կարող է վճարել և էջի միջոցով պատվիրել նախընտրած խմբի հետ կապված հուշանվերներ, շապիկներ, նշաններ, բացի այդ, հնարավոր է վճարել և էջից ներբեռնել ալբոմը կամ երգը, System Of A Down-ը ծանուցում է, որ եկամուտ կփոխանցվի Հայաստան հայկական հիմնադրամին:
Այս դաժան օրերին Սերժ Թանկյանը նաև ամեն օր երկրպագուների հետ շփվում է սոցիալական ցանցերում՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Ինստագրամ, բոլոր հնարավոր հարթակներում խմբի երաժիշտներն ահազանգում են «թուրք-ադրբեջանական վայրագությունների» մասին: Գրեթե ամեն օր հրապարակվում են նոր հարցազրույցներ:
«Երկու անգամ եմ եղել Արցախում, դա մի հրաշք երկիր է, որտեղ հայերը մեր թվարկությունից կես հազր տարի առաջ են հաստատվել, շատ հզոր և ուրախ ժողովուրդ են, չեն վախենում, նրանք այս ամենը նախկինում էլ են տեսել, բայց այս անգամ հիրավի դժվար է»,- ասել է Սերժ Թանկյանը ռոք աշխարհի ամենահեղինակավոր հանդեսի՝ Rolling Stone-ի այսօրվա համարում լույս տեսած հարցազրույցում:
Ադրբեջանում, իհարկե, զօր ու գիշեր հետևում են միջազգային և հայկական մեդիային, դիտարկում անցկացնում սոցիալական ցանցերում:
Արձագանքը երբեմն ճղճիմության մակարդակի է իջնում: Եթե բնությունը քեզ տվել է նավթ, բայց չի պարգևել System Of A Down և տասնյակ ու հարյուրավոր համաշխարհային անուններ, ուրեմն պետք է նրանց բոլորին պիտակավորել:
«Մենք ենք մեր սահմանները», Հայաստան Հիմնադրամ, Հայ բարեգործական ընդհանուր միություն, Կանադայի հայ բժիշկների ընկերակցություն, Թուֆենկյան հիմնադրամ, Հայ օգնության միություն՝ հիմա դրանք են դարձել Բաքվի քարոզիչների թիրախը:
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցրով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը սրտնեղել է, գանգատվում է, թե ինչու է Սփյուռքը Հայաստանին է օգնում:
Բաքուն ՄԱԿ-ի անդամ երկրներին ամենայն լրջությամբ կոչ է անում «խոչընդոտել իրենց տարածքներում այդ կազմակերպությունների գործունեությունը, քանի որ այն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:
Այդօրինակ պնդումների պատասխանը տրվում է System Of A Down-ի «Պաշտպանիր հողը» երգում.
Our history and victory and legacy we send
From scavengers and invaders, those who protect the land
Our history and victory and legacy we send
From scavengers and invaders, those who protect
Those who protect the land
Those who protect the land
Those who protect ....
«Նրանք, ովքեր պաշտպանում են հողը,
Պաշտպանում են մեր պատմությունը,
Մեր հաղթանակն ու ժառանգությունը զավթիչներից:
Մենք պաշտպանում ենք մեր պատմությունը,
Մեր հաղթանակն ու ժառանգությունը զավթիչներից,
Նրանք, ովքեր պաշտպանում են,
Նրանք, ովքեր պաշտպանում են հողը
Նրանք, ովքեր պաշտպանում են...»: