Մատչելիության հղումներ

Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. «Օրը շատ ծանր էր»


Ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի քան մեկ ամիս ձգվող պատերազմի հերթական գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

«Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են, հայկական ուժերը ողջ օրվա ընթացքում մարտերի մեջ են ադրբեջանական դիվերսիոն խմբերի հետ», - «Ազատությանը» փոխանցեց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։ - «Նրանք փորձում են առաջ գալ, մերոնք էլ թույլ չեն տալիս։ Դեռևս օրը չի վերջացել, որովհետև հրթիռակոծվել է և կարող է շարունակվել, և ըստ ամենայնի, շարունակվելու է Ստեփանակերտի հրթիռակոծումը։ Օրը ծանր էր շատ», - հավելեց Բաբայանը։

Օրեր առաջ Արցախի նախագահը ուղիղ եթերում հայտնեց, որ ադրբեջանական զինուժը Շուշիից 5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Ըստ հայկական կողմի, Ադրբեջանի դիվերսիոն խմբերը Շուշիի մոտակա անտառներում են։

Այսօր առավոտյան Պաշտպանության բանակը հաղորդել է, որ կասեցվել են Շուշիի ուղղությամբ ադրբեջանական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը, ադրբեջանական կողմը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:

Երեկ երեկոյան հերթական մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով ռազմական իրավիճակին՝ խոսել էր Շուշիի մերձակայքում գտնվող ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններից․ - «Վերջիններս հիմնականում, հանդիպելով մեր Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պաշտպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում։ Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել՝ կորուստներ պատճառելով շպրտել տվյալ բնագծերից»։

Ադրբեջանական ուժերը շարունակում են թիրախավորել նաև քաղաքացիական օբյեկտները՝ խախտելով մարդասիրական միջազգային իրավունքի նորմերը, հայտարարում է Դավիթ Բաբայանը․ - «Այո, էդպես է։ Սա ևս մեկ անգամ մեզ ապացուցում է ինչ է աշխարհաքաղաքականությունը և ինչ է միջազգային քաղաքականությունը առհասարակ։ Եվ սա կյանքն է․․․ Ոչ մի միջազգային կազմակերպություն, մենք տեսանք նրանց գործողությունները, արձագանքները, մի երկու հատ հայտարարություն և վերջ․․․»

Ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի քան մեկ ամիս ձգվող պատերազմի հերթական գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և ադրբեջանական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում»,- առավոտյան հաղորդել էր Պաշտպանության բանակը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իր հերթին հայտնում է Մարտակերտի, Աղդամի, Մարտունիի և Կուբաթլուի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների մասին։

Կողմերը միմյանց են մեղադրում խաղաղ բնակավայրերը թիրախավորելու համար։ Արցախի պաշտպանության բանակը փոխանցում է, որ այսօր ադրբեջանական ուժերը հրթիռահետանային հարվածներ են հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և տուժածներ:

«Հարձակողական գործողություններն ադրբեջանական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում ադրբեջանական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ», - հաղորդում է հայկական կողմը:

Սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների ընթացքում կողմերի միջև հրադադարի հաստատման երեք պայմանավորվածություն է ձեռք բերվել, երեքն էլ, սակայն, չի իրագործվել։

XS
SM
MD
LG