Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ ջիհադիստների տեղափոխումը կարող է հանգեցնել Անդրկովկասում ահաբեկչական անկլավի առաջացման։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան ընդգծել է՝ կան տեղեկություններ այն մասին, որ այսօր էլ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամներին Մերձավոր Արևելքից տեղափոխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Խոսքը ծայրահեղ տրամադրված վարձկանների մասին է։
Նրանք, Զախարովայի խոսքով, դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը. «Այս ամենը չի կարող մեզ մոտ լուրջ մտահոգություններ չառաջացնել, քանի որ հեռանկարում իրավիճակի նման զարգացումը հղի է նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ այժմ արդեն Անդրկովկասում»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում շեշտել էր, որ Մերձավոր Արևելքից վարձկանների թիվը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մոտենում է երկու հազարի:
Այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունը հերթական անգամ կոչ է արել թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում: Ավանդական ասուլիսին այսօր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ՝ Մարիա Զախարովան հավելել է նաև․ «Մեկ շաբաթվա ընթացքում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարված է մնացել, արձանագրվել են փոխադարձ գնդակոծություններ կողմերի շփման գծի ողջ երկայնքով։ Թիրախ են դարձել նաև քաղաքացիական օբյեկտները։ Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներից, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը»։
Զախարովայի խոսքով՝ անհրաժեշտ են գործնական քայլեր կրակի դադարեցման և լարվածության թուլացման համար, հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման բանակցություններին վերադառնալու համար։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ այդ համատեքստում նոյեմբերի 1-2-ին Ռուսաստանի նախագահը ինտենսիվ բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Երեկ երեկոյան ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի նախագահը քննարկել է Բելառուսի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ։