Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ Եվրամիությունը դատապարտում է այդ «ստոր արարքը»։
ԱՄՆ նախագահական ընտրություններում այսօր վճռորոշ պայքարի մեջ մտած հանրապետական ու դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Ջոզեֆ Բայդենն անդրադարձել են Վիեննայի հարձակմանը։
«ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի, ամբողջ Եվրոպայի կողքին ահաբեկչության դեմ պայքարում, ներառյալ ծայրահեղ իսլամական ահաբեկիչները», - Թվիթերում գրել է Թրամփը։
Բայդենն ասել է, որ դա սարսափելի ահաբեկչական հարձակում է, հայտարարելով. - «Մենք բոլորս պետք է միավորվենք ընդդեմ ատելության և բռնությունների»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ավստրիայի վարչապետին այսօր հղած նամակով դատապարտել է հարձակումը, նշելով, որ Մոսկվան պատրաստ է ակտիվացնել հակաահաբեկչական համագործակցությունը Ավստրիայի հետ։ Վիեննայի կենտրոնում կատարված հարձակումը Պուտինը բնորոշել է «դաժան և ցինիկ հանցագործություն»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, թե ցնցված է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից, և Ավստրիային հայտնել Գերմանիայի համերաշխությունը «իսլամական ահաբեկչության» դեմ պայքարում։
Վերջին օրերին հարձակումների ենթարկված Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Թվիթերում գրել է, որ ֆրանսիացիները կիսում են Ավստրիայի ժողովրդի «ցնցումն ու վիշտը»:
Չեխիայի ոստիկանությունը հայտնում է, որ Ավստրիայի հետ սահմանին ընտրողաբար ստուգումներ է անցկացնում։
Հոկտեմբերի 30-ին եվրոպական առաջատար մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ - «Բայց Դուք ինձ հարց եք տալիս տեղի ունեցողի մասին, ես պատասխանում եմ՝ ինչ է տեղի ունենում: Որովհետև այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք»: