Անցած մեկ օրում կորոնավիրուսը Հայաստանում խլել է 28 մարդու կյանք, վիրուսով վարակվածների թիվն էլ աճել է 1194-ով, սա այն դեպքում, երբ հանգստյան օրերին լաբորատորիաների մեծ մասը չի աշխատում։
Թեև մեծ մասամբ այսօր մեզ հանդիպած մարդիկ դիմակ էին կրում, բայց քիչ չէին նրանք, ովքեր տեսախցիկը տեսնելուն պես ձեռքները տանում էին կամ պայուսակի մեջ, որ դիմակը հանեն, կամ էլ կողքինից էին դիմակ խնդրում։ Օրինակ՝ տղամարդկանցից մեկը, հեռվից նկատելով տեսախցիկը, նստարանին նստած կնոջից դիմակ խնդրեց. - «Դրա համար վախեցա, ձեզանից վախեցա: Վիրուսի համար ես վիտամիններ եմ ուտում», - ասում է քաղաքացին:
Իրավիճակը Հայաստանում հատկապես սրվեց պատերազմի ընթացքում, երբ մասնագետների գնահատմամբ` համաճարակի առկայությունը երկրորդ պլան մղվեց։ Հանդիպեցինք ոստիկանների, որոնք թեև չցանկացան նկարահանվել, բայց հայտնեցին՝ շրջում են ու հորդորում դիմակ կրել։ Տուգանելու մասին խոսք չկար։
«Սաղ աշխարհով մեկ էլ մահանում են էլի, մի օր էլ մենք ենք էլի մահանալու, սաղ սուտ ա, մի քանի տարի առաջ էլ հավի գրիպ էր, խոզի գրիպ էր, չես իմանում` ինչ գրիպներ են», - ասաց մեկ այլ քաղաքացի` նշելով` չի հավատում վիրուսի գոյությանը:
Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռազմական դրությունից հետո ոստիկանությունը սահմանափակել էր անվտանգության կանոնները խախտող քաղաքացիներին տուգանելու գործողությունները՝ հենվելով նրանց իրավագիտակցության վրա։ Բայց օրեցօր աճող թվերը ոստիկանությանը ստիպել են վերադառնալ նախկին մեթոդներին. - «Մեր ուժերը հիմնականում կենտրոնացրել ենք ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման աշխատանքներում, սակայն լրացուցիչ ուժեր, այդ թվում նաև կին ոստիկաններին հիմնականում ներգրավել ենք կորոնավիրուսի դեմ պայքարում: Անցել ենք հին ռեժիմով աշխատանքների կատարմանը, և տույժերը կրկին վերադարձել են: Նույնը նաև տրանսպորտի նկատմամբ. գերծանրաբեռնված տրանսպորտային միջոցների նկատմամբ ևս ունենք համապատասխան որոշումներ կայացրած, և հսկողությունն այդ առումով ևս շարունակվում է»:
Փոխոստիկանապետի խոսքով` իրավապահներն այժմ կենտրոնացած են ռազմական դրության կարգի պահպանման վրա, և կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավելու բավարար ռեսուրս չունեն. - «Մենք այդքան ուժ և կարողություն չունենք, որ յուրաքանչյուր քայլին ոստիկաններով ապահովենք, որպեսզի քաղաքացիները կարողանան կրել դիմակներ պահանջի ներքո: Որքան հնարավոր է, մենք փորձում ենք ապահովել»:
Մեկ մարդն այժմ կարող է վարակել մեկից ավելի մարդկանց, ասում է վարակաբանը
Անցած մեկ օրում վիրուսը հայտնաբերվել է թեստավորվածների 47 տոկոսի մոտ։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն «Ազատության» հետ զրույցում վիրուսից վարակվածների թվի աճը պայմանավորում է պատերազմական պայմաններում կանոնները չպահպանելու հանգամանքով։ Մեկ մարդն այժմ կարող է վարակել մեկից ավելի մարդկանց, ասում է վարակաբանը։
«Դրան գումարած նաև այն միջոցառումները, որոնք ռազմական դրությունից ելնելով իրականացվում են, այսինքն` մարդկային կուտակումներ են առաջացնում` կամավորական ջոկատներ, տարբեր օգնությունների հավաքատեղիներ և այլն, և դիմակների մասնավորապես չկրումը, ձեռքերի չախտահանումը բերում է նրան, որ վարակը շատ արագորեն տարածվում է: Նաև պետք է հաշվի առնենք, որ մենք ունենք անախտանշան դեպքեր, այսինքն` առանց կլինիկական ախտանշանների անձինք, ովքեր համարվում են վարակի աղբյուր»:
Մոտ երկու շաբաթ առաջ Առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ համակարգը կոլապսի եզրին է, և կհոսպիտալացնեն նրանց, ովքեր թթվածնի կարիք ունեն և ծանր վիճակում են գտնվում։ Այսօրվա դրությամբ հոսպիտալացման իրենց հերթին է սպասում 576 հիվանդ, մինչդեռ ազատ մահճակալների թիվը 176 է։
Աբովյանը պարզաբանում է՝ քանի որ առողջապահական համակարգը կոլապսի եզրին է, շատերն ինքնաբուժությամբ են զբաղվում, ինչն էլ ծանրացնում է նրանց վիճակը. - «Սա մի նոր բան է, որ արդեն բացահայտվում է, որ շատերը երկար մնում են տանը և ստանում են անտիբիոտիկաթերապիա, որը բարդացնում է պացիենտի վիճակը: Եվ նաև չմոռանանք նրա մասին, որ իրոք համակարգը չի հասցնում, և մենք այսօր ունենք բազմաթիվ պացիենտներ, ովքեր սպասում են իրենց հերթին, որպեսզի ստանան բժշկական օգնություն և սպասարկում: Եվ եթե այսպես շարունակվի, եթե չբարձրանա զգոնությունը բանկչությանը այդ անվտանգության կանոնների նկատմամբ, դեպքայնության թվի աճին զուգահեռ նաև մահվան դեպքերի թիվը կավելանա միանշանակ»:
Պաշտոնական տվյալներով` այսօր կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ևս 639 մարդ։ Մարտ ամսից՝ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը արձանագրելու օրվանից ի վեր, կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 1391-ի, ևս 376 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
COVID-19-ից այս պահին Հայաստանում բուժվում է 35 հազար 215 մարդ: