Մատչելիության հղումներ

Երեկ ամբողջ օրը Արցախի բնակավայրերը ադրբեջանցիների թիրախում էին, կան զոհեր և վիրավորներ


Արցախ, Ստեփանակերտ, հոկտեմբեր, 2020թ.
Արցախ, Ստեփանակերտ, հոկտեմբեր, 2020թ.

Արցախի մայրաքաղաքում կրկին լսելի են պայթյունի խուլ կամ մի փոքր հզոր ձայները: Դրանք ավելի ակտիվացան հատկապես երեկ ուժի մեջ մտած հրադադարի պայմանավորվածությունից շատ չանցած:

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ձայները հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքի արդյունքն են կամ հեռվից գործածվող հրետանու ձայները:

Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, երեկ ամբողջ օրվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը, թիրախավորվել են Արցախի բնակավայրերը: Մարտակերտ քաղաքում էլ Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, կան վիրավորներ:

Հիշեցնենք, երկուշաբթի օրը ադրբեջանական կողմի հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում էլ մեկ քաղաքացիական անձ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացրին, որ գիշերը Արցախի խաղաղ բնակավայրերում իրադրությունը ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, սակայն իրավիճակը շարունակել է լարված մնալ Ասկերանի վերին շրջանում, որտեղ երեկ մեկ քաղաքացիական անձ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել:

«Ազատության» լրագրողը երեկ եղել է Սարուշեն համայնքում՝ դա մոտ է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղին, որը երեկ բավականին լարված իրավիճակում էր: Նույն Սարուշեն գյուղում պարզ լսելի էին պայթյունների ձայները, տեղում մատնացույց արեցին, որ կրկին ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը: «Ազատության» թղթակիցը անգամ չկարողացավ գնալ Կարմիր Շուկա, քանի որ այնտեղի զինվորականները հայտնեցին, որ գյուղն անվտանգ չէ, և հարակից գյուղերն անընդհատ հրթիռակոծությունների, հրետակոծությունների տակ են:

Սարուշենի գյուղապետը «Ազատությանը» տեղեկացրեց, որ ոչ միայն իրենց համայնքը, այլ նաև հարակից համայնքները անընդհատ ադրբեջանական զինված ուժերի թիրախում են, հրթիռակոծության և հրետակոծության տակ:

Իսկ Ստեփանակերտում քաղաքացիները թերահավատորեն են վերաբերվում հրադադարի հերթական պայմանավորվածությանը, բայց և հույսը չեն կորցնում, որ ի վերջո մի օր այս ամենը կվերջանա:

Երեկ առավոտյան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց շատ չանցած Արցախի մայրաքաղաքում ավելի ակտիվացան պայթյունների խուլ կամ մի փոքր ավելի ուժեղ ձայները: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունին հայտնեցին, որ դրանք հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքի արդյունքն են կամ հեռվում գործածվող հրետանու ձայները:

XS
SM
MD
LG