Թատերական գործիչների միութան նախագահ Հակոբ Ղազանչյանի համոզմամբ, այն պատերազմական իրավիճակը, որում այսօր գտնվում է մեր երկիրը, յուրաքանչյուր մարդու ստիպում է ուժերի ներածին չափով աջակցել թե՛ առաջնագծում հայրենիքի համար պայքարող զինվորներին ու սպաներին, թե՛ առհասարակ բոլոր արցախցիներին, և իհարկե, նախևառաջ երեխաներին, որոնք ոչ մի դեպքում չպիտի տեսնեին պատերազմի օրհասական դեմքը:
Հակոբ Ղազանչյանը շեշտում է, որ ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ հիմա արցախցի երեխաների ներկայիս սերունդը առերեսվում է պատերազմի սարսափների հետ․ - «Եվ այսօր նույն պատմությունն է, այսօր նույն խնդիրն է․ ռումբերի պայթյուն տեսան, տների փլուզում և նկուղներում տեղակայված ապաստարաններ, ընդհանրապես վախը տեսան, տեսան իրենց հարազատների կորուստը։ Այդ երեխաների համար պետք է ամեն ինչ արվի, որպեսզի նրանք ինչ-որ ձևով այդ խեղված մանկությունը, խեղված պատանեկությունը գոնե թեթև տանեն։ Շատ դժվար է, շատ ծանր է»։
«Թատերական աշխարհը չի կարող անմասն մնալ այն ամենից, ինչ կատարվում է այսօր այս երկրի, մեր ժողովրդի հետ։ Ըստ էության գոյատևման պայքար է գնում, պատերազմ է գնում, և զարմանալի չէ, որ մեր թատրոնն էլ, մեր թատերական համայնքն էլ համեստ ներդրում ունի ոչ միայն թիկունքի ամուր լինելու գործում, այլ նաև բավական թատրոններից կամավորներ կան, անվանի դերասաններ, որոնք այսօր ռազմաճակատում են, առաջին գծում են, իրենց պարտքն են կատարում։ Ընդհանրապես երեխաները բոլոր պատերազմներում ամենախոցելի, ամենատուժված մասն են կազմում, և իհարկե մեծ ցավ ես ապրում՝ տեսնելով այդ երեխաներին նկուղներում, տեսնելով այդ երեխաներին էվակուազման ճանապարհին, տեսնելով դպրոցից, մանկապարտեզներից, տներից հեռու։ Եվ ինչ-որ ձևով պետք է փարատես այդ ցավը», - հավելեց նա։
Հակոբ Ղազանչյանը վերհիշում է նաև Սպիտակի մեծ երկրաշարժի օրերեին, երբ ինքը նշանակվել էր Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ղեկավար, ինչպես էին կրկին այն դժոխային պայմաններում փորձում գոնե երեխաներին թատերական ներկայացումների շնորհիվ թեկուզ երկու ժամով ուրախություն պարգևել․ - «Հենց վաղը մենք նախագահականում պետք է խաղանք, խոսքս Պարոնյանի անվան թատրոնի մասին է, պետք է խաղանք «Բրեմենյան երաժիշտները» Արցախից Երևան էվակուացված երեխաների համար։ Այնուհետև մեր բեմում ժամանակ առ ժամանակ կխաղանք ներկայացումներ։ Դա մեր պարտքն է։ Մի բռունցք դարձած, ես կասկած չունեմ, որ մենք չենք թողնի, որպեսզի թշնամին իրագործի իր զզվելի ծրագրերը»։