ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն Վաշինգտոնում ղարաբաղյան հարցով տեղի ունեցած բանակցությունների մասին:
Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարությամբ տեղեկացնում են, որ հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Համանախագահները, բացի այդ, մասնակցել են նաև նախարարների հանդիպումներին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նույնպես մասնակցել է այդ հանդիպումներին:
Ինտենսիվ բանակցությունների ընթացքում միջնորդները և նախարարները քննարկել են մարդասիրական անհապաղ հրադադար հաստատելու, այն հսկելու հնարավոր պարամետրերի, ինչպես նաև հարատև խաղաղությանն ուղղված հիմնարար բովանդակային բանակցություններ սկսելու հնարավորությունները:
Համանախագահները և ԱԳ նախարարները համաձայնել են ևս մեկ անգամ հանդիպել՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում, հասնել համաձայնության և ժամանակացույցով, որը դեռ պետք է ընդունվի, սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործընթացը՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համար ընդունելի հիմնարար սկզբունքների:
Հոկտեմբերի 26-ին առավոտյան 8-ին կողմերը պետք է հաստատեն հրադադար, որի մասին հոկտեմբերի 25-ին հայտնել են Հայաստանը, Ադրբեջանը և Միացյալ Նահանգները:
Տե՛ս նաև այստեղ