Մատչելիության հղումներ

Դատախազությունը հայտնում է ռազմական գործողություններում թուրքական ԶՈւ-ի մասնակցության փաստերի հայտնաբերման մասին


Դեռևս օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ: Դասընթացներն անցկացվել են հատկապես լեռնային պայմաններում մարտական գործողություններ իրականացնելու հմտությունների և պատրաստվածության ձեռքբերման նպատակով: Այս մասին հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Ընդ որում, անցկացվող վարժանքների, դասընթացների ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ծառայողները փոխանցել են, որ առաջիկայում հարձակում պետք է իրականացվի Արցախի մարտական դիրքերի վրա:

«Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ընդհանուր զորահավաքով զորակոչվել է ադրբեջանական պահեստազորը՝ հանրությանն ապատեղեկացնելով, թե զորակոչն իրականացվում է մեկշաբաթյա զորավարժություններ անցկացնելու նպատակով, և պահեստազորն սկսել է մարտական պատրաստություն անցնել Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամիավորումներում:

Սեպտեմբերի 21-ից ինչպես պահեստազորի, այնպես էլ կանոնավոր բանակի զորամիավորումները տեղակայվել են Ադրբեջանի և Արցախի սահմանագծին մոտ գտնվող մարտական դիրքերում և սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը հրաման են ստացել բոլոր ուղղություններով հարձակում գործելու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հենակետերի վրա՝ օգտագործելով ադրբեջանական զինված ուժերում առկա բոլոր զինատեսակները», - ասված է հաղորդագրության մեջ: Համաձայն դատախազության` սեպտեմբերի կեսից սկսած սահմանագծի մոտ գտնվող բնակավայրերում խիտ բնակեցված ադրբեջանական բնակչության շրջանում, բնակիչների այգիներում, ինչպես նաև ծառածածկ և հնարավորինս քիչ տեսանելի այլ վայրերում տեղակայվել են հրետանային համակարգեր՝ քաղաքացիներին ներկայացնելով, թե դրանք զորավարժությունների անցկացման համար են: Սակայն պատերազմի սկսման առաջին իսկ պահից այդ համակարգերն իրականացրել են մարտական խնդիրներ:

Դատախազությունում ստացված փաստական տվյալների համաձայն` թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, ըստ պլանի, անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողությունների իրականացմանը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները կատարվածի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG