Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:
Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Մնացականյանն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Հաղորդագրությունում նշված է. «Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձավ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Նախարար Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով՝ այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, կրոնական և պաշտամունքի վայրերի անխտրական թիրախավորմամբ։
Այս ամենը հանդիսանում է Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված էքզիստենցիալ սպառնալիք, ինչին միջազգային հանրությունը կարող է հակազդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման՝ անկախության ճանաչման միջոցով»:
ԱԳ նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, որն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։
Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրականացման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ առաձնահատուկ ընդգծելով խոսնակ Նենսի Պելոսիի անձնական ներդրումը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը: