Մատչելիության հղումներ

HRW-ը փաստում է` Ադրբեջանը Ղարաբաղում արգելված զենք է օգտագործում


HRW իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունն այսօր զեկույց է հրապարակել, ուր նշված է, որ Ադրբեջանը կասետային արգելված ռումբեր է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։ Հոկտեմբերին տեղում արված ուսումնասիրությունները պարզել են, որ ադրբեջանական կողմը առնվազն չորս անգամ կասետային զենք է կիրառել:

«Կասետային զենքի օգտագործումը հատկապես բնակեցված վայրերում ցույց է տալիս, որ բացահայտորեն անտեսվում է քաղաքացիական անձանց անվտանգությունը։ Կասետային զենքը երբեք չպետք է որևէ մեկի կողմից օգտագործվի ոչ մի պարագայում, առավել ևս քաղաքներում, քաղաքացիական անձանց` կանխատեսելի ու անընդունելի վնասներ հասցնելու պատճառով»,- ասել է HRW-ի զենքի հարցերով բաժնի տնօրեն, կասետային ռումբերի դեմ կոալիցիայի նախագահ Սթիվեն Գուսը։

HRW-ը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ղարաբաղյան հակամարտությունում հետաքննում է, թե արդյոք բոլոր կողմները պահպանում են միջազգային հումանիտար օրենքի նորմերը, որը զինված ուժերից պահանջում է տարբերակել զինվորականներին քաղաքացիական անձանցից, ռազմական օբյեկտները քաղաքացիական օբյեկտներից։

HRW-ը բացմիցս դիմել է Ադրբեջանի իշխանություններին տեղում հետաքննություններ անցկացնելու համար, բայց մինչև հիմա թույլտվություն չեն ստացել։ Ադրբեջանի պաշտոնյաները հայկական կողմին մեղադրում են կասետային ռումբեր օգտագործելու մեջ, սակայն HRW-ն ինքնուրույն չի ստուգել այդ մեղադրանքները, նշված է զեկույցում։

Լեռնային Ղարաբաղում HRW-ի մասնագետները հոկտեմբերի ընթացքում ուսումնասիրել են Ստեփանակերտի ու Հադրութի դեմ կիրառված կասետային հրթիռների ու ռումբերի հարվածների հետևանքները, պայթած զենքի մնացորդները, չպայթած մասերը, լուսանկարներ, տեսանյութեր, նրանք զրուցել են նաև հարձակումների, պայթյունների ականատեսների հետ։

Ստեփանակերտի բնակիչները HRW-ին ասել են, որ ադրբեջանական կողմից կասետային ռումբերով գրոհները սկսվել են հենց առաջին օրից` սեպտեմբերի 27-ի առավոտյան, քաղաքի բնակելի թաղամասի վրա` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից 200 մետր հեռու։

Կազմակերպության ուսումնասիրությունն այդ վայրում հայտնաբերել է Mo95 հրթիռի հարվածին բնորոշ հետևանքներ։

Հարևանությամբ ապրող 69-ամյա մի կին պատմել է, որ այդ օրն առավոտյան 7:15-ին շենքը սկսեց ցնցվել։ «Երբ ռումբերը սկսեցին թափվել, երեխաները սկսեցին ճչալ, բոլորը խուճապի մեջ էին։ Մենք բացեցինք պատուհանն ու այրվող մեքենաներ տեսանք։ Մենք տեսանք, որ նրանք հրդեհվում են փոքր, վարդագույն բաներից ու փախանք նկուղ»,- իրավապաշտպան կազմակերպությանը պատմել է Ստեփանակերտի բնակիչը։ Նա ասել է, որ ռումբի որոշ մասեր չեն պայթել, ու մարդիկ մանկական խաղահրապարակի ավազով ծածկել են դրանք անվտանգության համար, մինչև հաջորդ օրը Արտակարգ իրավիճակների ծառայությունը տարել է դրանք։

Հոկտեմբերի 12-ին HRW-ի մասնագետները այցելել են այդ վայրը, սակայն կասետային ռումբի վնասները հնարավոր չէր ճշգրիտ որոշել, որովհետև ուրիշ զենքով նույն տեղի վրա նորից հարձակում էր կատարվել։

Կասետային մեկ այլ զենք, առնվազն մեկ LAR-160 տիպի հրթիռ է արձակվել նույն վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ HRW-ը արձանագրել է իսրայելական արտադրության LAR-160 հրթիռի, Mo95 ռումբի մնացորդները, վերջինիս վարդագույն ժապավենները, չպայթած մասեր։ Այդ հարձակումների հետևանքով շատ տներ, մասնավոր բիզնեսի շենքեր են տուժել:

HRW-ը նշում է, որ կասետային ռումբերով Ստեփանակերտում հարձակման ենթարկված երեք թաղամասերում զորանոց կամ ռազմական տեխնիկա չի հայտնաբերվել, և նշում, որ նույնիսկ եթե դրանք լինեին` հաշվի առնելով կասետային ռումբի հետևանքները, դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրում պատերազմի օրենքով արգելվում է։

Ուսումնասիրվել են նաև Հադրութի վրա կատարված կասետային զենքի հարձակումների հետևանքները պատկերող 35 լուսանկարներ ու տեսանյութ, դրանք ուղարկվել էին իրավապաշտպան կազմակերպությանը։

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշված է, որ «Ազատ Ավրոպա/ Ազատություն» ռադոիակայանի հայկական ծառայությունը հոկտեմբերի 4-ին Youtube-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ հարձակման ենթարկված նույն տունն էր ու տան պլատակները։

Կասետային ռումբերն արգելվել են դրանց ազդեցության մասշտաբների ու ոչ թիրախային հարվածների պատճառով։ Այդ ռումբերը պայթում են օդում ու տասնյակ, նույնիսկ հարյուրավոր ավելի փոքր ռումբեր սփռում են մեծ տարածքի վրա։ Դրանց մի մասը առաջին հարվածից սովորաբար չի պայթում, ու երկար ժամանակ, նույնիսկ տարիներ վտանգը պահպանվում է։ 2008 թվականի միջազգային կոնվենցիան արգելում է կասետային ռումբերի կիրառումը, պահանջում է վերացնել դրանք, ինչպես նաև աջակցել այդ ռումբերից տուժածներին:110 երկիր միացել է կոնվենցիային, սակայն Ադրբեջանն ու Հայաստանը դրանց թվում չկան։ Նրանք ասել են, որ չեն կարող միանալ համաձայնագրին, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ HRW-ը ասել է, թե երկուսն էլ պետք է անհրաժեշտ քայլեր կատարեն կասետային զենքն արգելող կոնվենցիային առանց հետաձգելու միանալու համար։

Ամեն դեպքում նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը միացել են Ժնևյան մի շարք հումանիտար այլ համաձայնագրերի, և չպետք է կասետային ռումբեր կիրառվեն:

«Ադրբեջանի կողմից կասետային զենքի շարունակաբար օգտագործումն անհապաղ պետք է դադարեցվի։ Դրանց հետագա օգտագործումը մեծացնում է վտանգը քաղաքացիական անձանց համար երկար տարիների ընթացքում»,- ասել է Սիվեն Գուսը:

XS
SM
MD
LG