Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կարողությունը գործադրելու պատճառներ չկան:
Պանկինը Ռուսաստանի ԱԳՆ-ում վերահսկում է հետխորհրդային տարածքում ինտեգրման գոործընթացները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ուղղությամբ:
Նա ասել է, թե Երևանը չի դիմել ՀԱՊԿ-ին, իսկ բուն կոնֆլիկտը Հայաստանի տարածքը չի ներառել:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որոշակի հանգամանքներում՝ երբ կա ագրեսիա, օգնում է անդամ երկրներին, քանի որ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը Հայաստանն իր տարածք չի ճանաչել ու, թերևս, չի էլ կարող ճանաչվել, պատշաճ չէ արծարծել ՀԱՊԿ կարողությունները գործադրելու խնդիրը»,- Վերոնայում լրագրոողների հեետ զրույցում ասել է Պանկինը:
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում Հայաստանն այդ հարցով «կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին»: