Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունն են քննարկել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։ Ադրբեջանի ագրեսիվ այս գործողությունները ուղեկցվում են միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով՝ հերթական անգամ ընդգծելով Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի լիարժեք իրացման և ճանաչման միջոցով, ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:

Նախարարը խորը մտահոգություն է արտահայտել միջազգային զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելու ճանապարհով Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առնչությամբ, ընդգծելով, որ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոնի վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի համար, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը, և շարունակելու է ստեղծված իրավիճակի մշտապես տեղեկացնել ՀԱՊԿ-ին ու անդամ երկրներին:

XS
SM
MD
LG