Մատչելիության հղումներ

ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել


Թեև երկրում գրեթե մեկ ամիս է` ռազմական դրություն է հաստատված, Եվրամիության ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել։ Հայտարարում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Մեր մասնագետները ռիսկերի գնահատում են արել և ըստ մեր գնահատականների` կոնկրետ քայլեր են արել: Այդ ամեն ինչը հաշվի առնելով` մասնագետները Եվրոպայում համարում են, որ մենք ճիշտ գնահատում ենք արել, ճիշտ ենք աշխատում, և գնահատել են, որ մեր օդային տարածքը անվտանգ է: Սա շատ կարևոր է, որովհետև եթե չվստահեին մեր գնահատականին, Եվրոպայի միությունն ինքն իր գնահատականը կտար և կուղարկեր բոլոր ավիաընկերություններին այդ գնահատականը: Դա նշանակում է, որ ռիսկի տակ կդնեինք բոլոր ավիաընկերություններին, այսինքն` ոչ միայն հայկականներին, այլև բոլոր ավիաընկերություններին, որոնք թռիչքներ են իրականացնում Հայաստանում: Դրա համար սա համ այս պատերազմական իրավիճակում է շատ կարևոր, բայց նույնիսկ պատերազմից հետո էլ բոլորս պետք է հիշենք, որ վերադառնալու ենք մեր բնական կյանքին, և այդ վնասը կլիներ պատերազմից հետո էլ, եթե մեր օդային տարածքը անվտանգ չհամարեին», - մանրամասնեց կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Այնուամենայնիվ, կոմիտեն օդաչուներին հորդորում է թռիչքներից առաջ ռիսկերի լրացուցիչ գնահատում իրականացնել: Զգուշացումների և սահմանափակումների մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը. - «Հաջորդ նոտամը մենք հրապարակել ենք Հայաստանի Հանրապետության օդային տարածքում հնարավոր անօդաչու թռչող սարքերի առկայության վերաբերյալ և հորդորել ենք օդանավ շահագործողին, անձնակազմին նմանատիպ` անօդաչու թռչող սարք կամ ինչ-որ չճանաչված թռչող որևիցե սարք օդային տարածքում նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնել այդ մասին օդային երևեկության կարգավարին: Եվ երրորդ նոտամը ես ավելի շատ կանվանեի սահմանափակում. մենք սահմանափակել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած օդային տարածքը, որպեսզի բացառենք յուրաքանչյուր թռչող սարքի մուտք և ելք տվյալ օդային տարածքում»:

Կոմիտեն հայտնում է նաև՝ պատերազմի առաջին իսկ օրից հայկական ավիափոխադրողները մի շարք երկրներից իրականացրել են միայն մարդասիրական բեռնափոխադրումներ։ Այս օրերին հայկական ընկերություններրը դարձել են «ազգային ավիափոխադրողներ», ասում է Տաթևիկ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ դեռ հունիսին Եվրահանձնաժողովը արգելեց Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Եվրամիության (ԵՄ) տարածքում։ Այդ ավիաընկերություններն, ըստ Եվրահանձնաժողովի, չեն համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։ Եվրամիության (ԵՄ) ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի։

«Այս իրավիճակում, որ հումանիտար բեռ պետք է բերենք Հայաստան, որևէ խոչընդոտ չկա, այսինքն` մեր հայկական բոլոր ավիափոխադրողները հնարավորություն ունեն թռչել Եվրոպա: Այս իրավիճակում բոլորը մոբիլիզացվել` օդանավակայանը, ավիաընկերությունները, մեր կոմիտեն, անհատ մասնագետները, որ մեզ միացել են: Շատ-շատ է դա օդնել մեզ այս իրավիճակում, որովհետև մեր հայկական փոխադրողներն են հենց հիմնականում բերել հումանիտար բեռ Հայաստան», - ասաց Ռևազյանը:

Վերջին շաբաթներին դեպի Հայաստան թռիչքները չեղարկել են ավստրիական և ուկրաինական ավիաընկերությունները։ Արդյոք Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններն են պատճառը, ավիաընկերությունները պաշտոնական տեղեկատվություն չեն տրամադրվել, սակայն չեղարկման ժամկետները համընկնում են պատերազմական օրերի հետ։

XS
SM
MD
LG