Օրեր առաջ «Քաթար էյրվեյզը» այս չվերթը չեղարկել էր։ Հայաստանի իշխանությունները Թուրքիային էին մեղադրում իր օդային տարածքով դեպի Հայաստան մարդասիրական օգնության տեղափոխումն արգելելու համար։
Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը հայտնեց, որ բանակացությունների արդյունքում չվերթն իրականացվել է, ընդ որում՝ Թուրքիայի օդային տարածքով․ - «Մենք համագործակցել ենք մեր գործընկերների հետ, Eurocontrol ենք կապ հաստատել։ Դա այն ընկերությունն է, որ օդային տարածքով ա զբաղվում։ Զեկուցել ենք, որ սենց խնդիր ա առաջացել Թուրքիայի հետ, որ թույլտվություն չեն տրամադրել թուրքերը «Քատար Էյրույզին»։ Մենք կապի մեջ ենք էղել ամենաբարձր աստիճանի պաշտոնյաների հետ «Քաթար էյրույզում», և բանակցությունների արդյունքում այս չվերթը իրականացվել է։ Բայց մինչև վերջին վայրկյանը մենք իմացել, ինքը կհատի Թուրքիայի օդային տարածքը թե ոչ։ Մեր համար շատ հետաքրքիր էր, որ փաստորեն հատեց այսօր։ Ոնց ա դա ի վերջո ստացվել․․․ հուսով ենք, որ դա բանակցությունների արդյունքում էր։ Բայց մենք սպասում էինք, որ կարող ա Ռուսաստանի, Վրաստանի տարածքով գար»։
Ռևազյանի խոսքով, լուրջ հիմքեր կան պնդելու, որ Թուրքիան անցած շաբաթ միտումնավոր էր փակել օդային ճանապարհը։ Պաշտոնական Անկարան, ի դեպ, ոչ մի կերպ չի արձագանքել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների այս պնդումներին։
«Մենք ապացույց ունենք, այսինքն՝ հենց «Քաթար էյրուեյզի» ներկայացուցիչները մեզ պարզ ասել են, որ Թուրքիան իրենց թույլտվություն չի տվել», - փոխանցեց Ռևազյանը։ - «Կասկածանք էլ չունենք։ Եվ ապացույցներն էլ ունենք։ Հիմնականում որ թռիչքներ են իրականացնում Հայաստան, իրանք Թուրքիայի օդային տարածքի հետ խնդիր չեն ունենում։ Եվ ես էլ ուսումնասիրել էս վերջին ամիսների հատվածում․ ինչ կարգո օդանավ էկել ա «Քաթար էյրուեյզով», խնդիր չի ունեցել։ Կոնկրետ էդ չվերթն էր, որ չգիտեմ ինչու Թուրքիան որոշեց մերժի»։
Ամերիկահայ համայնքի կողմից ուղարկած հումանիտար ինքնաթիռում հիմնականում բժշկական սարքավորումներ են, մեծաքանակ դեղորայք, ինչպես նաև քնապարկեր, տաք հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ, ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը․ - «Սրանք անմիջապես պետք է օգտագործվեն, որովհետև գիտեք ինչքան կարիքներ կան առողջապահական ոլորտում։ Կարծում եմ, քանի դեռ մենք պատերազմի մեջ ենք, նմանատիպ, հատկապես մարդու առողջությունը, մարդու կյանքը փրկող բոլոր միջոցները մեզ անհրաժեշտ են լինելու ամեն օր»։
Հայաստանը մինչ այժմ շուրջ 1000 տոննա մարդասիրական օգնություն է ստացել։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով, կատաղի ռազմական բախումների կիզակետում հայտնված Արցախին առավել ակտիվ օգնում են Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և այլ երկրներից․ - «Մենք սպասում ենք ֆինանսական օգնություն սփյուռքից ամենակարևորը։ Այս պահին՝ նաև հումանիտար օգնության տեսքով։ Բայց այս պահին ակնկալում ենք նաև մեր բժիշկների ներգրավվածությունը, որովհետև բժիշկների և բուժքույրերի մեծ կարիք ունենք։ Չնայած արդեն գալիս են իրենք խմբերով, բայց պետք է էդ հոսքը շարունակական լինի, որովհետև մեր կարիքները շատ մեծ են, մենք ոչ միայն պատերազմ ունենք այս պահին, այլև մոլեգնող համավարակ»։