Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար, հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը` հորդորելով հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին:
«Երեխաների մահվան և վիրավորման բազմաթիվ դեպքերին զուգահեռ՝ վնասվել կամ փլուզվել են հարյուրավոր տներ և դպրոցներ։ Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորում է, որ պետք է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն էլ համաձայնել էր», - ասված է հայտարարության մեջ:
Նաև շեշտվում է, որ երեխաները, ընտանիքները, քաղաքացիական հաստատությունները պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի տառին համապատասխան, և «ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը բոլոր երեխաների լավագույն շահն է»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Ավելի վաղ` հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին` ժամը 12-ից հրադադար հաստատելու մասին, սակայն այն չպահպանվեց, ինչում երկու կողմերն էլ մեղադրում էին միմյանց: