Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ «ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով»:
Համաձայն ԱԱԾ հաղորդագրության, դրա մասին են վկայում Բաքվի օդանավակայանից, ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով, դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող և հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները:
«Օրինակ՝ արձանագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան իրականացվող չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան– Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան–Բաքու չվերթը: Նույն երթուղին նախատեսված է նաև հոկտեմբերի 18-ին: Նախատեսված են նաև Բաքվից միջանկյալ օդանավակայանով Կանդագարի օդանավակայան ու հետադարձ չվերթները: Ավելին, նմանատիպ չվերթներ են կատարվելու նաև հոկտեմբերի 19-ից հետո:
Ընդ որում, նշված չվերթների մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են և որոշ օդանավակայաններ չունեն միջազգային դասակարգում», - ասված է հաղորդագրությունում:
ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով շրջանառվող լուրերը, թե տարբեր երկրների օդային տարածքներով դեպի Հայաստան քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր, զինամթերք է տեղափոխվում:
Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես դիմելով միջազգային իրավասու կառույցներին՝ հորդորում է «չտրվել ադրբեջանական սադրանքներին և հիմք չընդունել տարածվող ապատեղեկատվությունը»:
«Միաժամանակ կոչ ենք անում քննության առարկա դարձնել մեր կողմից տրամադրված հավաստի տեղեկությունները, բազմակողմանիորեն ստուգել դրանք և հետամուտ լինել պարզաբանելու հիշյալ չվերթներով ռազմական նշանակության բեռների և ուղևորների՝ Ադրբեջան տեղափոխելու իրական հանգամանքներն ու նպատակները», - նշված է հաղորդագրությունում: