Ադրբեջանը առայժմ չի պաշտպանում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատվելու դեպքում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու գաղափարը։ Այս մասին El Mundo թերթում այսօր հրապարակված հարցազրույցում ասել է այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը գործողություններ է իրականացնում ոչ թե ուրիշ երկրի, այլ իր ինքնիշխանության տակ գտնվող տարածքում, և մենք գտնում ենք, որ տեղին չէ այդ զինվորականների տեղակայումը։ Ներկա պահին նրանք մեզ պետք չեն», - հայտարարել է նա։
Մոսկվան կարևոր էր համարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի դեպքում վերահսկման մեխանիզմներ հաստատելը, որը պետք է իրականացնեն ռուսաստանցի ռազմական դիտորդները։
Հոկտեմբերի 10-ից հումանիտար հրադարար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը, այն, սակայն, մինչև հիմա չի իրագործվում։