Մատչելիության հղումներ

Պատերազմի հանգուցալուծման շուրջ կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են մնում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, արխիվ

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները երեկ հարցազրույց են տվել “Россия сегодня”-ին՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով, թե որքան տարբեր են կողմերի դիրքորոշումները արդեն երրորդ շաբաթը շարունակվող պատերազմի հանգուցալուծման շուրջ։

«Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար սահմանագիծ է, «կարմիր գիծ» է, որը մենք չենք կարող անցնել», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանը ոչ մի դեպքում համաձայնություն չի տա Լեռնային Ղարաբաղի անկախությանը», - իր հերթին պնդել է Իլհամ Ալիևը։

«Ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունների արդյունքները սեպտեմբերի 27-ից ի վեր: Ի՞նչ կորուստներ ունեն կողմերը, և արդյոք շա՞տ ռազմագերիներ կան», - հետաքրքրվել է գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը։

Իլհամ Ալիևը այս հարցերին պատասխանելուց առաջ հարկ է համարել նախ կրկնել իր պնդումը, թե Հայաստանն է նախահարձակ եղել և պատերազմ սկսել ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով մեկ։ Հետո խոսել է կորուստների մասին, բայց՝ կոնկրետ տվյալներ է նշել ու մանրամասն պատմել միայն խաղաղ բնակչության ու Գյանջայի հրետակոծության վերաբերյալ. - «Այսօրվա դրությամբ մենք 43 զոհ ունենք խաղաղ բնակչության շրջանում և ավելի քան 200 վիրավոր, շուրջ 2 հազար տուն, որոնք սահմանակից են շփման գծին, կա'մ ամբողջովին փլուզվել են, կա'մ՝ վնասվել»։

Ռազմադաշտում կրած կորուստների մասին, մինչդեռ, Ալիևը կրկին հստակ որևէ բան չի ասել։ «Մենք այդ տեղեկությունները կհրապարակենք հակամարտության թեժ ընթացքից հետո», - բացատրել է նա, միաժամանակ պնդել, թե հայկական կողմի կորուստներն ավելի շատ են։ Իսկ թե ինչու է այդ դեպքում Բաքուն սեփական զոհերի թիվը թաքցնում, Ադրբեջանի նախագահը չի պարզաբանել։

Հայաստանի վարչապետը նույն հարցին ի պատասխան ասել է՝ իրավիճակը բարդ է, երկու կողմում էլ շատ զոհեր կան, միաժամանակ պնդել՝ հստակ է, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց ծրագրերում հաջողության չեն հասել. - «Շատ փորձագետներ ասում են, որ սա իր մասշտաբներով աննախադեպ պատերազմ է 21-րդ դարում. գործի են դրված բոլոր տեսակի սպառազինությունները, շատ մասշտաբային և դաժան մարտեր են ընթանում: Այս պահին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակն ապահովում է պաշտպանությունը: Եվ փաստացի մենք կարող ենք ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի պլանները՝ բլից-կրիգով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը, այս պահին տապալվել են»:

Արմատապես տարբեր են եղել արձագանքները նաև, երբ Կիսելյովը հետաքրքրվել է՝ որքանով են հավաստի պնդումները Սիրիայի հյուսիսից Ադրբեջան տեղափոխված վարձկանների ու ահաբեկիչների վերաբերյալ։ Չնայած այդ մասին հայտարարել են գերտերությունների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ղեկավարները, արևմտյան մամուլն էլ բազմաթիվ փաստեր է հրապարակել, Ալիևը կրկին պնդել է՝ նման բան չկա, Ադրբեջանի բանակը լիովին կարող է իր կարիքները հոգալ։

«Մենք երբեք թույլ չենք տա, որ մեր տարածքում ինչ-որ ահաբեկչական խմբավորումներ արմատներ գցեն, առավել ևս՝ որ դրանք սպառնալիք ստեղծեն մեր ու մեր ժողովրդի ու մեր հարևանների համար», - ասել է նա։

Հայաստանի վարչապետը, մինչդեռ, ընդգծել է՝ Բաքուն՝ Անկարայի հետ համագործակցությամբ, այդ սպառնալիքն արդեն իսկ ստեղծել է տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Ռուսաստանի համար։

«Վերջին օրերին շատ հետաքրքիր տեղեկություններ ստացվեցին Հյուսիսային Կովկասից, երբ Չեչնիայում, Դաղստանում զինյալներ ոչնչացվեցին, և տեղեկություններ կային, որ այդ զինյալները Ռուսաստան եկել էին Սիրիայից: Սա շատ ուշագրավ փաստ է, որը ցույց է տալիս, որ այս իրավիճակն արդեն պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին չէ: Այն արդեն տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտություն է, որը շոշափում է տարածաշրջանային երկրների կոնկրետ շահերը: Եվ ես կարծում եմ, որ հատկապես Ռուսաստանում պետք է շատ ուշադիր լինեն այդ փաստի նկատմամբ», - ասել է Փաշինյանը:

“Россия сегодня”-ի ղեկավարը փաստել է՝ ռազմական գործողությունների մեկնարկից հետո կողմերի միջև համաձայեցված առաջին և առայժմ միակ փաստաթղթում՝ մարդասիրական հրադադարի մասին Մոսկվայում ընդունված համաձայնագրում, հիշատակվում են «խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները»: «Կպարզաբանե՞ք դրանք», - հարցրել է Կիսելյովը: Պարզվել է ՝ կողմերը տրամագծորեն այլ բան են պատկերացնում «հիմնարար սկզբունքներ» արտահայտության տակ։

«Այդ սկզբունքները հայտնի են բոլորին. դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը», -ասել է Հայաստանի վարչապետը:

Ալիևը, մինչդեռ, պնդել է, թե հիմնարար սկզբունքներն ամրագրում են հակամարտության կարգավորման քայլերը, որոնց համաձայն՝ նախ պետք է հայկական զորքերը դուրս բերվեն Ղարաբաղի հարակից հինգ շրջաններից, երկրորդ փուլում՝ Լաչինից ու Քելբաջարից, բացվեն հաղորդակցության բոլոր միջոցները, տեղահանվածներն ու փախստականները վերադառնան, և միայն դրանից հետո սկսվեն բանակցությունները Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ, որը պետք է որոշվի կողմերի համաձայնությամբ։

«Հայաստանի նախկին իշխանությունների օրոք մենք ակտիվ առաջ էինք գնում այդ ուղղությամբ, սակայն ներկայիս կառավարությունը շարունակ հայտարարում էր, թե մեկ սանտիմետր անգամ մեզ չեն զիջի», - պնդել է Ադրբեջանի նախագահը։

Է՛լ ավելի խորն են եղել հակասությունները հնարավոր փոխզիջումների հարցում։ «Կա՞ արդյոք սահմանագիծ, որից ոչ մի դեպքում չեք նահանջի», - հետաքրքրվել է լրագրողը։ Ալիևը պնդել է՝ Ղարաբաղի անկախությունը երբեք չեն ճանաչի։ Որպես փոխզիջում էլ ասել է՝ «ապագայում հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել Ղարաբաղում»։

Հայաստանի վարչապետը, մինչդեռ, ընդգծել է՝ Հայաստանը պատրաստ է համամասնական փոխզիջումների, որոնց կգնա նաև Ադրբեջանը: Բայց Ղարաբաղի անկախության ու ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման առարկա չի կարող լինել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG