Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Առավոտյան հարավային, հարավարևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավարևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում, ասված է հաղորդագրությունում:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանությունը, հաղորդում է Արցախի ռազմական գերատեսչությունը:
Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում: