Մատչելիության հղումներ

Վրաստանը շարունակում է պնդել՝ իր տարածքով ռազմական բեռներ չեն տեղափոխվում


Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիա, արխիվ
Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիա, արխիվ

Պաշտոնական Թբլիսին շարունակում է պնդել՝ իր տարածքով Հայաստան ու Ադրբեջան ռազմական բեռներ չեն տեղափոխվում։

«Օդային տարածքը բաց է միայն մարդասիրական ու առևտրային նպատակներով իրականացվող չվերթների համար», - այսօր հայտարարել է փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

«Մեր տրամադրության տակ եղած փաստաթղթերի համաձայն, չվերթները միայն մարդասիրական և քաղաքացիական բնույթ են կրում և լիովին համապատասխանում են ICAO-ի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային չափանիշներին», - ասել է փոխարտգործնախարարը, հավելելով. - «Թբիլիսին չի հանդուրժի, եթե պարզվի, որ փոխադրողներից որևէ մեկը չարաշահման է գնում։ Խախտողները պատասխան կտան միջազգային իրավունքին համապատասխան»։

Շուրջ երկու շաբաթ առաջ Ղարաբաղում պատերազմի վերսկսումից հետո՝ հոկտեմբերի 3-ին, Վրաստանի Անվտանգության խորհուրդը որոշել էր ժամանակավորապես դադարեցնել ռազմական նշանակության բեռների փոխադրումն իր տարածքով Հայաստան և Ադրբեջան։ «Չնայած այդ որոշմանը, սոցիալական ցանցերում պարբերաբար տեղեկություններ են տարածվում քաղաքացիական ինքնաթիռներով փոխադրվող բեռների վերաբերյալ», - հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

XS
SM
MD
LG