Մատչելիության հղումներ

Մեր խնդիրն Արցախի ճանաչումն է աշխարհի կողմից, նշում է Վահրամ Պողոսյանը


Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում նշում է, որ չի բացառվում, որ առաջիկայում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմի Արցախի անկախության ճանաչման համար, սակայն նկատում է` մեկ-երկու տասնյակ երկրների կամ զուտ Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչման հարցը չի դրված, այլ բոլորի նպատակը Արցախի անկախության վերջնական ճանաչումը պիտի լինի: Ըստ նրա` չպետք է ոչ սթափ մտածել, պետք է կշռադատված քայլեր անել:

«Կարծում եմ` մենք բոլորս դրա ականատեսը կլինենք, և դա չի ուշանա, բայց դա մի պրոցես է, որը պետք է առաջին հերթին համանախագահող երկրների հետ համաձայնեցված առաջ տանենք», - ասաց նա:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Սա արդեն բավականին լուրջ մեղադրանք է ուղղված Ադրբեջանին. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ասուլիսի ժամանակ չէր բացառել, որ դիմի Հայաստանի իշխանություններին, ապա նաև այլ երկրների Արցախի անկախությունը ճանաչելու հարցով: Օգտատերերից մի քանիսը հենց այս գործընթացի հնարավորության մասին էին հարցնում:

«Արցախի ճանաչման հարցը միանշանակ գտնվում է մեր արտաքին քաղաքական օրակարգում, սակայն մենք չենք կարծում, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչի միայն Հայաստանի Հանրապետությունը, և քաղաքական ամբողջ պրոցեսը պետք է տանել այն ուղղությամբ, որ Արցախի անկախությունը ճանաչեն նաև աշխարհի շատ այլ երկրներ, որովհետև մեր խնդիրը ոչ միայն Արցախի ճանաչումն է մեկ պետության կողմից, այլ Արցախի ճանաչումն է աշխարհի կողմից, և այս ուղղությամբ չեմ բացառում, որ քայլեր ձեռնարկվեն առաջիկայում», - ասաց Վահրամ Պողոսյանը:

Հարցին, թե ի՞նչ գործնական նշանակություն կարող է ունենալ անկախության ճանաչումը Արցախի համար, նախագահի խոսնակը պատասխանեց` սա տակտիկական խնդիր է, հիմա փակագծերը չի ցանկանում բացել. - «Եթե առաջիկայում գործընթացներն ընթանան այնպիսի ճանապարհով, որ Արցախի նախագահն արդեն կհայտարարի, որ դիմում է աշխարհի պետություններին Արցախի անկախության գործընթաց սկսելու առումով, այն ժամանակ արդեն մենք կտեսնենք` ովքեր են պատրաստ, որ պետություններն են առաջին համարձակները, որոնք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը: Բայց ես համոզված եմ, որ այդպիսիք կան, - ասաց նա ու շարունակեց, - այսօր ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև միջազգային հանրությունը, տարբեր ուժային կենտրոններ ու կառույցներ հայտարարություն են արել, որ իսկապես այս պատերազմում ներգրավված են ահաբեկիչներ, և Թուրքիան նման կերպ փորձում է տարածաշրջանը վերածել ահաբեկչական նոր օջախի: Սա արդեն բավականին լուրջ մեղադրանք է ուղղված Ադրբեջանին, քանի որ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, Արցախը ներքաշված է հակաահաբեկչական պայքարի մեջ, և միջազգային հանրությունը պարտավոր է գործնական քայլեր կիրառել, ինչքանով կհետևեն այդ պատիժները, մենք դրա ականատեսը կլինենք, բայց մի քիչ կասկածում եմ այս առումով, որովհետև միշտ չէ, որ միջազգային հանրությունը պատրաստ է արձագանքել խնդիրներին այն չափով, որքանով որ վտանգվում է ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային հանրությունը»:

Վահրամ Պողոսյանը նաև շեշտեց. - «Ադրբեջանի զոհերի մեջ կան դիակներ, որոնք արտաքնապես ավելի շատ նման են նրանց, ովքեր մասնակցել են Սիրիայում տարբեր ահակբեկչական գործողություններ իրականացնելիս, կան տեսանյութեր, դրանք ժամանակի ընթացքում կներկայացվեն, կան հետախուզության տարբեր տվյալներ, որոնց տիրապետում են ոչ միայն հայկական, այլև տարբեր գերտերությունների հետախուզական կառույցներ»:

Վահրամ Պողոսյանը նշում է` «բոլորիս խնդիրն Արցախի անկախության վերջնական ճանաչումն է»

«Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը տարիներ ի վեր եղել է Մինսկի խմբի հովանու ներքք, և այս ձևաչափի մեջ ենք միշտ պատկերացրել Արցախի անկախության ճանաչումը, բոլոր քայլերը պետք է կիրառենք ոչ թե հուզական դաշտում, այլ սթափ քաղաքագիտական հաշվարկներով: Այդ ամեն ինչը կկատարվի, որովհետև բոլորիս խնդիրն Արցախի անկախության վերջնական ճանաչումն է, և դրա համար մեր քայլերը պետք է հավասարակշռված լինեն այդ առումով: Կարծում եմ` մենք բոլորս դրա ականատեսը կլինենք, և դա չի ուշանա, բայց դա մի պրոցես է, որը պետք է առաջին հերթին համանախագահող երկրների հետ համաձայնեցված առաջ տանենք», - ասուլիսի շրջանակներում հայտարարեց խոսնակը:

Սահմանային իրավիճակը` այս պահին

Առավոտյան հայտնի դարձավ, որ Հադրութում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Վահրամ Պողոսյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ ևս Հադրութի ուղղությամբ և հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը. - «Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որոնց համաչափ պատասխան է տալիս Պաշտպանության բանակը, մարտերը միանշանակ կարող ենք որակել ծանր, բայց Պաշտպանության բանակը կարողանում է»:

Մեկ այլ հարցի, թե որքան գումար է անհրաժեշտ Արցախին հասված նյութական վնասի վերականգնման համար, Արցախի նախագահի խոսնակն արձագանքեց, թե այդ հաշվարկները դեռ չեն արվել, քանի որ պատերազմը շարունակվում է. - «Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի զենքերից հրթիռակոծել, հրետանակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ամեն հրթիռակոծությունից հետո ավելանում են այդ վնասների ծավալները: Երբ կավարտվի պատերազմը, այդ ժամանակ արդեն կստեղծվի վնասները գնահատող հանձնաժողով, այդ հաշվարկները կարվեն, ու հանրությունը տեղյակ կպահվի»:

Իսկ հարցին, թե ի՞նչ ակնկալեն մարդիկ այս պատերազմի արդյունքում, նա ասաց` դժվար է պատասխանել, որովհետև «հակառակորդի կողմից նույնիսկ հրադադարը չի պահպանվում»: «Մենք տեսանք, որ ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանն այդ հրադադարը պահելու ոչ մի ցանկություն չունի, արդեն բավական ժամանակ է անցել հրադադարի ուժի մեջ մտնելու ժամից, բայց շարունակվում են Ադրբեջանի կողմից հարձակումները, հրթիռակոծությունները: Սակայն այսօր Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ դա դժվար գործընթաց է, միանգամից հնարավոր չէ լուծում տալ: Գործընթաց է, որն ընթանում է այս պահին, երկու կողմերի հետ աշխատանքներ են ընթանում», - նկատեց խոսնակը` շեշտելով, որ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը և՛ պաշտոնական Ստեփանակերտը, և՛ պաշտոնական Երևանը միշտ են կողմ արտահայտվել:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG