Հայաստանի և Ադրբեջանի հարևանները ողջունում են Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Մենք կոչ ենք անում մեր հարևաններին՝ Ադրբեջանին և Հայաստանին, կառուցողական երկխոսություն սկսել միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,-ողջունելով հրադադարի համաձայնագիրը՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Նա բարձր է գնահատել Ռուսաստանի «կառուցողական ջանքերը» և հավելել, որ հրադադարը դեպի խաղաղություն տանող առաջին քայլն է:
Պաշտոնական Թբիլիսին ևս ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
Տարածած հայտարարությամբ Վրաստանի դիվանագիտական գերատեսչությունը հույս է հայտնել, որ հետագա բանակցությունները առաջընթաց կապահովեն հակամարտության կարգավորման և կայուն խաղաղության հաստատման համար, «ինչն էլ կնպաստի բարեկեցության և անվտանգության ամրապնդմանը ողջ տարածաշրջանում»:
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: