Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում զինվորների շրջանում ստահոդ լուրերի տարածման դեպքի մասին


Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ Ն. Մ.-ն այս սեպտեմբերի 27-ին Արցախում և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել հայաստանյան իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում, և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է:

Այս գործողությունների արդյունքում, ինչպես փոխանցում են ԱԱԾ-ից, էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Մ.-ն ձերբակալվել է:

ԱԱԾ-ն հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար։

Նշված առանձնապես ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանն էր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել վերոնշյալ դեպքի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG