Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը օտար ուժերի միջամտության հնարավորությունը մտահոգում է Իրանին: Երեքշաբթի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում այդ մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Իսլամական Հանրապետության նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Թեհրանը մտահոգված է, որ ղարաբաղյան պատերազմը կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության։
«Անվտանգությունը, կայունությունն ու հանդարտությունը, հատկապես մեր հյուսիսային սահմանի երկայնքով, շատ կարևոր են։ Սահմանամերձ գոտում առկա լարվածությունը չպետք է հնարավորություն տա մի շարք ահաբեկչական կառույցների մեծացնել իրենց ազդեցության ծավալները», - հայտարարել է Ռոհանին։
Իրանի նախագահի մամուլի ծառայությունը մեջբերում է նաև Իլհամ Ալիևի հետևյալ խոսքերը․ - «Իրանի անվտանգությունը մենք դիտարկում ենք որպես Ադրբեջանի անվտանգություն և թույլ չենք տա, որ հարևան երկրներում հակամարտության պատճառով որևէ խնդիր ծագի»: