Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի ներկայացմամբ` խաղաղ բնակչությունը շարունակում է գտնվել ակտիվ հրետակոծության տակ: Տեղից «Ազատության» թղթակիցը հայտնում է, որ օդային ազդանշան են լսվում, հրետակոծության ձայները ևս լսելի են: Այստեղ ակտիվ շարունակում է աշխատել ՀՕՊ համակարգը:
Հադրութի բնակիչ Լևոն Հայիրյանի տունը լուրջ վնասվել է պայթյունի հետևանքով, նրանք այդ պահին ապաստարաններում են եղել, և վիրավորներ չկան:
Քաղաքապետի խոսքով` վերջին երկու օրերին օգտագործվել է միջազգային արգելված զինատեսակ, այսպես կոչված` կասետային հրթիռը, որը հիմնական զինատեսակից բացի, նաև մի քանի հրթիռներ է թողել տների վրա:
Բնակիչները հիմնականում չեն լքել բնակավայրը, նրանք ապաստարաններում են: Տարածքում բժշկուհիներից մեկն իր դստեր հետ առաջին օգնության համար վայր է կազմակերպել, ասում է` չեն պատրաստվում լքել իրենց քաղաքը: