Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, «Անադոլու» գործակալության մամուլի սրահում խոսելով Արցախում վերսկսված ռազմական գործողությունների մասին, հերթական անգամ ընդգծել է Ադրբեջանին սատարելու Անկարայի պատրաստակամությունը:
«Եթե Ադրբեջանը ուզում է մարտի դաշտում հարցը լուծել, մենք կլինենք Ադրբեջանի կողքին: Անհրաժեշտության դեպքում մեր աջակցությունը ցույց կտանք: Սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանը բավարար կարողություն ունի», - ասել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ իբրև ռազմավարական դաշնակիցներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական փոխգործակցությունը բնական երևույթ է:
Թուրք նախարարը հիշեցրել է, որ հուլիսին Թուրքիան Հայաստանին նախազգուշացրել էր և սթափվելու լուրջ կոչեր արել: «Չնայած բոլոր զգուշացումներին, որտեղի՞ց Հայաստանին այդ համարձակությունը: Եթե Հայաստանը այսօր այլ երկրներից՝ Արևմուտքից, անգամ Ռուսաստանից աջակցություն չստանար, չէր համարձակվի նման քայլի գնալ», - պնդել է թուրք նախարարը:
Նա վստահեցրել է, թե Թուրքիան հարցը դիվանագիտական, խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից է եղել: «30 տարի է այս հարցը լուծում չի գտել: Մինսկի խումբը հստակ քայլեր չի ձեռնարկել: Ինչպես Սիրիայում՝ այստեղ էլ ուզում էինք Ռուսաստանի հետ համագործակցության ճանապարհով երկկողմանի կամ բազմակողմանի լուծման հասնել: Քանի որ հարցը չի լուծվում, Հայաստանը համարձակվում է հարձակման գնալ: Այս հարցը պետք է լուծել», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Թուրքիան Ադրբեջանի կողքին է՝ որ ոլորտում ինչ օգնության կարիք ունենա: