3-ամյա Տիգրանը շատ պարզ է բացատրում՝ ինչու է լավ իր հայրենի Կիչան գյուղում, և ինչու ինքը Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից հասավ Երևան քաղաքի Տերյան փողոց: «Թուրքերը կրակել են, մաման վախեցել է, ես վախալ չեմ», - նշում է նա:
Մայրիկն Արմինե Առուստամյանն է, ասում է՝ երեխաները պատերազմական ձայներից դեռ ուշքի չեն գալիս. - «Երեկ գիշերը երկու երեխաները, ավտոները, որ գնում էին, իրենք այդ ձայներից վախեցած հելել են, թե մամա, մեքենաները գալիս են»:
Երևանցի տիկին Մարիետայի տանն Արցախից 4 ընտանիք է տեղավորվել՝ 11 երեխաներ և 7 կանայք, տան մթնոլորտն առաջնագծի պես զգայուն է՝ կանայք ամուսինների ու եղբայրների հետ խոսել չեն կարողանում, կապ չկա. - «Իմ ամուսնու հետ մինչև հիմա չեմ կարողացել խոսել, ինքը 3 օր տուն չի եկել, հիմա էլ իր հետ չեմ կարողանում կապ հաստատել, ինքը չգիտի էլ, թե մենք ուր ենք, հասել ենք էստեղ»:
Կանայք ասում են` եթե երեխաների անվտանգության հարցը չլիներ, տեղափոխվելու մասին չէին էլ մտածի, 4 երեխայի մայր Նոնա Սողոմոնյանն ասում է՝ բոլորիս միտքն այնտեղ է. - «Լավ է` մոտ լինեինք, մի լուր կիմանայինք, ինձ թվում ա, քան սենց հեռու, չգիտեմ` հեռու ա էլի, ես կմնայի, ուղղակի երեխեքի համար ենք եկել էստեղ»:
«Էս պարագայում մենք ավելի շատ նախընտրում ենք այնտեղ լինել` թեկուզ վտանգելով մեր կյանքը, քան այստեղ անորոշության մեջ. ոչ մի լուր չունենք», - ասում է Մառլենա Առուստամյանը, ով 10 տարի Չլդրանի պատմության ուսուցչուհին է, սաներին ռազմական ոգով է դասավանդել. - «Ես 10 տարի իմ աշակերտներին դասավանդել եմ, որ պետք է զենք վերցնենք, պետք է կռվենք, պետք է նմանվենք Հրայր Դժոխքին, Արաբոյին»:
Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ դեռ երեխա չուներ ու գյուղը ոչ մի վայրկյանով չի լքել, նույնիսկ երբ պատուհաններն անընդհատ զրնգում էին հրետակոծության ալիքից. - «Ասում էի` դուրս չեմ գա, թող գան, ես կվերցնեմ իմ պապիկի հրացանը, միայն ձևը սովորեցրեք, ես կկրակեմ»:
Իսկ հիմա Մառլենան փոքրիկ ունի, այլևս պատմության ուսուցչուհի չէ, ռազմաշունչ ճառեր չի ուզում, միայն մայր է ու միայն խաղաղություն է ուզում. - «Ուզում եմ, որ գնամ տուն, բացեմ իմ դուռը, իմ երեխային դնեմ իր օրորոցի մեջ, միայն իմ ուզածը դա է»:
Ալյոնա Ադամյանը հինգ երեխաների ու սկեսուրի հետ Այնթափում է, նրանց հետ այս առանձնատանը տեղավորվել են ևս երկու ընտանիքներ Ասկերանի շրջանից: Բոլորը նույն թաղից են, հարևաններ են, մի քանի օր գյուղի ապաստարանում էին. - «Եղբայրս առաջին գծում, իր ջուխդ տղերքն առաջին գծում, 17 տարեկան տղա առաջին գծում»:
31-ամյա Ալյոնայի ամուսինը կամավորագրվել է, 4 եղբայրներն ամենաառաջնագծում են. - «Չեմ ուզում` իրենց տունը, բնօրրանը թողնեն, գնան, ասում են` մենք մեր ամուսինների համար էստեղ ենք մնում, ուղղակի էս փոքրերի համար ես իրանց հետ եկել եմ, եթե չէ, ես էլ կմնայի, ես էլ զինվորական շոր կհագնեմ, ես էլ գնամ, ես ոչ մի բանից վախենում չեմ»:
Մայրիկներն այստեղ հեռահար պլաններ չեն կազմում, Ալյոնան ասում է՝ շուտով կվերադառանք, նույնիսկ մտադիր չէ երեխաներին ժամանակավոր դպրոց տանել. - «Գրքերը վերցրել եմ, ես տանը կսովորեցնեմ»:
Կիչանցի Տիգրանն էլ քաղաքային մանկապարտեզ չի ուզում, ամենաշատն ի՞նչ է ուզում Կիչան գնալ. - «Քյամ Կիչան»: